top of page

Վրաստանի վարչապետը վստահություն է հայտնել, որ երկիրը շուտով կանդամակցի ԵՄ-ին

  • Anews
  • Mar 3, 2023
  • 1 min read

Ես խորապես հավատում եմ, որ մեկ տարի առաջ անշրջելի դարձած պատմական գործընթացը շուտով կպսակվի Եվրամիությանը Վրաստանի լիիրավ անդամակցությամբ։ Այս մասին ասված է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարության մեջ, հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը։ Նրա խոսքով՝ եվրոպական երկիրն իր ողջ պատմությամբ, մշակույթով, արժեքներով, արեւմտյան քաղաքակրթության անքակտելի մասն ու նրա մեծ մշակույթի համահեղինակը՝ Վրաստանը, անկասկած արժանի է արդար ճանաչման իր իրական, մեծածավալ բարեփոխումներով, տեմպերով եւ զարգացման որակով։ «Այսօր մեկ տարի է անցել այն պատմական օրվանից, ինչ Վրաստանը ԵՄ-ին անդամակցելու դիմում է ներկայացրել։ 2022 թվականի մարտի 3-ին ես առանձնահատուկ պատիվ ունեցա ստորագրելու մի փաստաթուղթ, որը մարմնավորում է վրացի բազմաթիվ սերունդների երազանքը, մեր ժողովրդի դարավոր ձգտումը։ Այդ օրը շրջվեց մեր պատմության նոր էջը։ Անցյալ տարի մենք ակտիվացրեցինք մեր ջանքները հասնելու մի նպատակի, որը որոշում է մեր ողջ պատմությունը, եւ իհարկե, մեր իշխանության գործունեությունը։ Մենք ձեռնարկեցինք բոլոր քայլերը եվրոպական կենսակերպին եւ չափանիշներին, ինստիտուցիոնալ մեխանիզմներին եւ օրենսդրությանը մոտենալու համար, մեր ստանձած պարտավորությունները կատարելու համար։ Այս գործընթացում մենք միշտ զգում ենք մեր ժողովրդի աջակցությունը, որն ամենաուժեղ խթանն է կառավարության եւ ընդհանուր առմամբ մեր քաղաքական թիմի առօրյա գործունեության համար։ Մենք երախտապարտ ենք մեր եվրոպացի ընկերներին, գործընկեր երկրների կառավարություններին եւ այն մարդկանց, ովքեր աջակցում են մեզ այս նպատակին հասնելու համար։

 
 
 

Comments


bottom of page