Վրաստանի նախագահը հանդես է եկել Ռուսաստանի հետ ավիահաղորդակցության վերականգնման դեմ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դեմ է Ռուսաստանի հետ ավիահաղորդակցության վերականգնմանը։ Հանրապետության ղեկավարը կոչ է անում կառավարությանը խստացնել երկրում ռուսաստանցիների գտնվելու պայմանները, ասված է Վրաստանի նախագահի վարչակազմի՝ ուրբաթ օրը հրապարակված հայտարարության մեջ: «Ես չեմ ողջունում Ռուսաստանի հետ ավիահաղորդակցության վերականգնումը։ Այն ժամանակ, երբ բոլոր գործընկեր երկրները խոսքով կամ գործով առավելագույն համերաշխություն են հայտնում Ուկրաինայի անձնվեր պայքարին, ինձ եւ, վստահ եմ, հասարակության մեծ մասի համար կառավարության եւ իշխող կուսակցության դիրքորոշումը, մեղմ ասած, անհասկանալի է»,-ասվում է հայտարարության մեջ: Ավելին, պետության ղեկավարը կոչ է անում լրացուցիչ սահմանափակումներ մտցնել Հանրապետություն ժամանող ռուսաստանցիների համար։ «Մեզ անհրաժեշտ են կանոնակարգումներ աշխատանքի, բիզնեսի գրանցման, գույքի ձեռքբերման կամ ռուսալեզու դպրոցների բացման իրավունքի ուղղությամբ»,-հավելել է նա։
Comments