top of page

Վրաստանի հատուկջոկատայինները ջրցան մեքենա և արցունքաբեր գազ են կիրառել խորհրդարանի մոտ

  • Anews
  • Mar 8, 2023
  • 1 min read



Թբիլիսիում հատուկջոկատայինները ցրել են խորհրդարանի շենքի մոտ գտնվող ցուցարարներին՝ օգտագործելով ջրցան մեքենա և արցունքաբեր գազ։ Ուղիղ եթերում հեռարձակում են տեղական հեռուստաալիքները։

Ցուցարարները փորձել են ճեղքել մետաղյա պատնեշները և մոտեցել օրենսդիր մարմնի շենքի դարպասներին: Ցուցարարները փորձել են կոտրել մետաղյա պատնեշը: Խորհրդարանի բակի կողմից ուժայինները ջուր են բաց թողել ցուցարարներին հեռացնելու համար, փոխանցում է Shantnews.am-ը։

Հատուկջոկատայինները նույնպես արցունքաբեր գազ են կիրառել։ Խորհրդարանի հարակից փողոցում ջրցան մեքենա է հայտնվել։

Ուժայինները ցուցարարներին խորհրդարանի ծառայողական մուտքերից հետ են մղել դեպի Ռուսթավելի պողոտայի շքամուտք և դիրքեր են գրավել ցուցարարներին ցրելու համար: Հնչել է ազդանշան, ՆԳՆ աշխատակիցները բարձրախոսով խնդրել են հավաքվածներին ցրվել։

Թբիլիսիում բողոքի ակցիան սկսվել է ցերեկը՝ ընդդեմ խորհրդարանի կողմից օտարերկրյա գործակալների մասին օրինագծի ընդունման։ Մի քանի ժամ անց ցուցարարներին է դիմել ընդդիմադիր քաղաքական գործիչ Գեորգի Վաշաձեն, որը ցուցարարներին կոչ է արել գնալ խորհրդարանի մուտքերի մոտ, որպեսզի թույլ չտան պատգամավորներին հինգշաբթի օրը ներկայանալ օրենսդիր մարմին:

Երեքշաբթի Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրինագծի վրացական տարբերակը։ Նիստին զուգահեռ խորհրդարանի շենքի մոտ հավաքվել էին օրինագծի դեմ բողոքող հազարավոր ցուցարարներ։ Բողոքի ակցիայի ժամանակ իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ խորհրդարանի պատգամավորներն աջակցել են այդ փաստաթղթին։ Հատուկջոկատայինները ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել, գիշերը ուժայինները ցուցարարներին դուրս են մղել խորհրդարանի հարակից տարածքից:

Փետրվարին Վրաստանի խորհրդարանում գրանցվել էր օտարերկրյա գործակալների մասին օրինագծի երկու տարբերակ՝ վրացական և ամերիկյան, որոնք օտարերկրյա գործակալների գրանցման մասին ամերիկյան օրենքի թարգմանությունն են: Ըստ վրացական վարկածի ՝ օտարերկրյա գործակալ կարող է լինել նաև ԶԼՄ-ները, ընդ որում, նախաձեռնությունը չի վերաբերում ֆիզիկական անձանց: Ամերիկյան տարբերակը վերաբերում է ոչ միայն իրավաբանական անձանց, այլև ֆիզիկական անձանց, այն նաև ներառում է քրեական պատասխանատվություն: Վրաստանի խորհրդարանն արդեն վրացական տարբերակը փորձաքննության է ուղարկել Վենետիկի հանձնաժողով։

 
 
 

Comments


bottom of page