Վրաստանը պատրաստ է ամեն կերպ նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը․ Իրակլի Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։ Ինչպես հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը, կողմերը քննարկել են երկու երկրների ռազմավարական գործընկերությունը եւ հետագա համագործակցության օրակարգը, հայտնում է Առաջին ալիքը։
«Ուշադրություն է դարձվել այս տարվա հոկտեմբերին Վրաստան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կատարած այցին։ Կառավարության ղեկավարի խոսքով՝ այս այցը եւս մեկ անգամ ընդգծել է երկրների միջեւ բարիդրացիական եւ բարեկամական հարաբերությունները եւ մեծ ներուժը, այդ թվում՝ առեւտրատնտեսական ուղղությունների տեսակետից։
Զրույցն առնչվել է խաղաղության ու կայունության ապահովման կարեւորությանը ժողովրդի բարեկեցության եւ տարածաշրջանի զարգացման համար։ Վարչապետը եւս մեկ անգամ նշել է, որ Վրաստանն այսուհետ եւս պատրաստ է ամեն կերպ նպաստել երկու հարեւան երկրների միջեւ երկխոսությանը։
Ուշադրություն է դարձվել Իրակլի Ղարիբաշվիլիի նախաձեռնած «Հարավային Կովկասում բարիդրացիության խաղաղ նախաձեռնությանը», որին Հարավային Կովկասի պետությունների հետ միասին մասնակցում են նաեւ միջազգային գործընկերները։
Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ադրբեջանական կողմին՝ երկրի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը ամուր աջակցության համար։
Կողմերը դիտարկել են տարածաշրջանային նշանակության ոլորտային գերատեսչությունների եւ ենթակառուցվածքային նախագծերի փոխգործակցությունը։
Comments