Վիեննայում սկսվել է ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի նիստը
Վիեննայում, Ուկրաինա ռուսական ներխուժման տարելիցի նախօրեին, սկսվել է ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի երկօրյա նիստը՝ Մոսկվայի վարած պատերազմի խիստ քննադատության եւ ուկրաինական պատվիրակության բոյկոտի ֆոնին։ Ավստրիան նիստին մասնակցելու համար մի քանի վիզաներ է տրամադրել ռուս պատվիրակներին՝ չնայած տասնյակ երկրների կոչերին, որպեսզի թույլ չտրվի նրանց աշխատանքը ԵԱՀԿ-ում։ Վիեննայի որոշումը լայն քննադատության է արժանացել, այդ թվում ամերիկյան բարձրաստիճան օրենսդիրների կողմից։ Ուկրաինան եւ Լիտվան բոյկոտել են անվտանգության համաեվրոպական մարմնի (որի մեջ մտնում են 57 երկրներ) ներկայացուցիչների նիստը։ Նիստն սկսվել է Ուկրաինա ռուսական ներխուժման տարելիցից մեկ օր առաջ։ Ներխուժումն ամենաարյունալի եւ ավերիչ հակամարտությունն է Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր։ Ռուսաստանի Պետական դումայի պատգամավորներն առաջին անգամ են պաշտոնապես եկել Եվրամիություն՝ այն բանից հետո, երբ իրենց դեմ պատժամիջոցներ են մտցվել պատերազմին եւ, մասնավորապես, ուկրաինական չորս շրջանների՝ Դոնեցկի, Խերսոնի, Լուգանսկի եւ Զապորոժիեի անեքսիային աջակցելու համար։
Comments