Վերին Լարսում թողունակությունը կազմում է 160-170 մեքենա
Ռուսաստանում Ղրիմի կամրջի պայթյունից հետո Վերին Լարսում կտրուկ խստացան բեռնատարների ստուգման ռեժիմները ռուսական հատվածում. այդ պահից սկսած Հայաստանից դուրս եկած եւ ՌԴ մտած հայկական մեքենաների տարբերությունը կազմում է մոտ 1600 մեքենա: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: «Կարող ենք ասել, որ այսօր հայկական բեռներով 1600 մեքենա կա Վրաստանի տարածքում: Այսօրվա թողունակությունը Վերին Լարսի հայկական բեռների վրա նույնն է, ինչ որ եղել է կամրջի պայթյունից առաջ: Այսինքն թողունակության ծավալը վերականգնված է, բայց հերթերն են ավելացել: Օրական թողունակությունը կազմում է 160-170 մեքենա, այսինքն մեր հերթի երկարությունը 10 օրական է, թեեւ կան մեքենաներ, որ ավելի երկար են կանգնած: Հիմա մենք շփվում ենք մեր ռուս գործընկերների հետ, որ կարողանանք թողունակությունն ավելի մեծացնել: Վերջին խոսակցությունը եղել է երեկ երեկոյան ժամը 10-ին իմ գործընկեր Մաքսիմ Ռեշետնիկովի հետ: Հիմա քննարկում ենք մի քանի տարբեր մեխանիզմներ, թե ոնց պետք է հնարավորինս արագ վերականգնենք: Արագ փչացող բեռների հետ կապված խնդիրներ ունենք, որոշ հայ արտադրողներ վնասներ են կրել, որը մեզ շատ անհանգստացնում է»,-ասաց նախարարը: Նա լոգիստիկ ռիսկերը Հայաստանի տնտեսության գլխավոր ռիսկերից մեկը համարեց, ինչպես նաեւ անվտանգային ռիսկը:
Comments