Search

Վերադարձի գործընթացում փորձի փոխանակում՝ միջազգային գործընկերների հետ


ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայությունը հյուրընկալել է Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության (FrontEx) պատվիրակությանը։ ՄԾ պետ Արմեն Ղազարյանն այսօր ընդունեց պատվիրակության անդամներին։


Հանդիպման ընթացքում քննարկվեցին վերադարձի գործընթացին առնչվող տարբեր հարցեր։ Հայաստանյան գործընթացներին ծանոթանալուց հետո ոլորտի միջազգային մասնագետները ներկայացրին իրենց փորձն ու պատրաստակամությունը աջակցելու ՄԾ վերադարձի և վերաինտեգրման բաժնի աշխատակիցների կարողությունների զարգացման գործում։


«Մենք անձի նույնականացման գործընթացում առավել նորարար լուծումների կարիք ենք զգում, կարծում ենք գործընթացը հեշտացնող տեխնիկա, թվային լուծումներ կարելի է ներդնել»,-նշեց Ա.Ղազարյանը՝ ներկայացնելով, որ ներկայում Ծառայությունը համագործակցում է համապատասխան գերատեսչության հետ։


ՄԾ վերադարձի և վերաինտեգրման բաժնի պետ Հայկանուշ Չոբանյանը ներկայացրեց բաժնի աշխատանքները՝ որպես ոլորտի մարտահրավեր, առանձնացնելով նաև վերադարձից հետո ենթադրվող աջակցությունը։


«ԵՄ անդամ պետությունների հետ մեր աշխատանքներում մենք ևս կենտրոնանում ենք փաստաթղթերի ու նույնականացման գործընթացների դյուրացման վրա, և պատրաստ ենք ներկայացնելու մեր փորձառությունը ինչպես այս ոլորտում, այնպես էլ ուղեկցորդների պատրաստման հարցում»,-ասաց Վերադարձի եվրոպական կենտրոնի նախավերադարձի բաժնի պետ Լոտյե Վան դեր Մեյդը նշելով, որ Ֆրոնտեքսն իրականացնում է նաև անկախ մշտադիտարկումներ, համագործակցում է վերադարձի և վերաինտեգրման հարցերով զբաղվող տարբեր միջազգային ծրագրերի հետ, որոնցից «ERRIN»-ը (Վերադարձի և վերաինտեգրման եվրոպական ցանց) գործում է նաև ՄԾ-ում, իրականացնում է չարթերային և կանոնավոր թռիչքներ՝ ապահովելով անկանոն միգրանտների վերադարձը դեպի ծագման երկրներ, ինչպես նաև համագործակցում է բազմաթիվ սահմանապահների հետ, որոնք, անհրաժեշտության դեպքում, տեղեկայվում են սահմաններին և աջակցում սահմանների կառավարման գործընթացներին։


Ֆրոնտեքսը հիմնադրվել է 2004թ-ին՝ հաջորդելով Շենգեն գոտու ստեղծմանը։ Գործնականում Ֆրոնտեքսը սահմանապահներ և տեխնիկական վերազինում է ապահովում՝ սկսած ազգային սահմանային իշխանություններից մինչև անդամ պետությունների արտաքին սահմաններ։ 2016 թ-ին կազմակերպության մանդատն ընդլայնվել է՝ դարձնելով այն գործակալություն, որը խրախուսում, զարգացնում, համակարգում և մշակում է Եվրոպական սահմանների կառավարումը Եվրոպական միության հիմնարար իրավունքների կանոնադրությանը և սահմանների համալիր կառավարման հայեցակարգին համապատասխան։


Նշենք նաև, որ Ֆրոնտեքսի աջակցությամբ 2016 թ-ին Հայաստանով անցել է 8 չարթերային թռիչք, 2017-ին՝ 10 և 2018-ին 16 (ներառյալ 4 կանոնավոր թռիչքները): Այս թռիչքներով 2016 թ-ին վերադարձել է 113 անձ, 2018-ին՝ 268՝ 4 կանոնավոր թռիչքներով։

 

Ի դեպ՝ միգրացիոն տեղեկագրի վերջին թողարկման մեջ ծավալուն հարցազրույց է հրապարակված Ֆրոնտեքսի գործունեության մասին։

 


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia