Search

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության օրվա կապակցությամբ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության օրվա կապակցությամբ «Հայաստանի Հանրապետության ոստիկանության հարգելի՛ ծառայողներ, Շնորհավորում եմ բոլորիդ ձեր մասնագիտական օրվա՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության օրվա առիթով: Ոստիկանությունը երկրում իրավակարգի պահպանության և պաշտպանության կարևորագույն ինստիտուտ է, և ոստիկանության համակարգի, ձեզանից յուրաքանչյուրի աշխատանքի որակից է կախված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների քաղաքացիական ինքնազգացողությունը: Ձեզանից յուրաքանչյուրն ամեն օր շփվում է տասնյակ, հարյուրավոր մարդկանց հետ և իմ պատկերացումը և առաջադրանքը, որ դնում եմ Հայաստանի Հանրապետության Ոստիկանության առաջ հետևյալն է. յուրաքանչյուր քաղաքացի ոստիկան տեսնելիս պետք է համակվի պաշտպանվածության զգացողությամբ, ոստիկանն իր գոյությամբ և ներկայությամբ պետք է բարձրացնի քաղաքացիների վստահության մակարդակը և վստահություն ներշնչի քաղաքացիներին: Այսպիսի հարաբերությունն է, որ էականորեն կմեծացնի հասարակական կարգի պաշտպանության՝ մեր երկրում առկա մակարդակը, կմեծացնի հանցավորության դեմ պայքարի, հանցագործությունների կանխմանը և նախականխմանն ուղղված մեր ջանքերի արդյունավետությունը: Հանրությունը, քաղաքացին պետք է անվերապահորեն վստահի ոստիկանին, իսկ այսպիսի իրավիճակի հասնել հնարավոր է ոստիկանության համակարգված բարեփոխումների միջոցով, երբ յուրաքանչյուր ոստիկան սեփական գիտելիքի, հմտության, իմացության աստիճանը բարձրացնելու ամենօրյա խնդիր է դրել իր առաջ, երբ կառավարությունը միջոցներ է ձեռնարկում ոստիկանությանը և նրա յուրաքանչյուր աշխատակցի անհրաժեշտ տեխնիկական և իրային միջոցներով, պատշաճ աշխատավարձով և սոցիալական երաշխիքների գործուն համակարգով ապահովելու համար: Շատ կարևոր են նաև օրենսդրական կարգավորումները, որտեղ ոստիկանության լիազորություններն ու պարտականությունները հստակ ձևակերպված են, որտեղ հստակ սահմանված են այն կարմիր գծերը, որից այնկողմ ոստիկանությունը չի կարող անցնել և իրավակարգի պաշտպանությունը, հանցավորության դեմ պայքարը չի կարող տեղի ունենալ ի հաշիվ մարդու և քաղաքացու իրավունքների: Ոստիկանությունը պետք է զերծ լինի կոռուպցիայից և առաջին հերթին ոստիկանությունը պիտի պայքարի իր ներսից կոռուպցիան արմատախիլ անելու համար: Սա է այն օրակարգը, որ մենք միասին պիտի իրականացնենք առաջիկա տարիների ընթացքում: Ոստիկանությունը կանգնած է համապարփակ բարեփոխումների շեմին, որոնց արդյունքում մենք ունենալու ենք էլ ավելի արդյունավետ գործող և արդի պահանջներին համապատասխանող ոստիկանություն: Սիրելի՛ ոստիկաններ, Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ նաև դրվատանքի խոսքեր ասել կորոնավիրուսի համաճարակի պայմաններում ձեր կատարած աշխատանքի համար: Այստեղ ևս դուք պայքարի առաջնագծում եք: Վերստին ցանկանում եմ ի սրտե շնորհավորել բոլորիդ և ձեր ընտանիքների անդամներին, որոնք անմիջապես իրենց կյանքում են զգում ոստիկանի աշխատանքի բոլոր բարդությունները: Արժանապատիվ և անփորձանք ծառայություն եմ մաղթում բոլորիդ»:   

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia