Search

Վարչապետն ընդունել է Հայաստանում Չեխիայի նորանշանակ դեսպանին



Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Բեդրիխ Կոպեցկիին: Վարչապետը շնորհավորել է դիվանագետին պաշտոնն ստանձնելու առթիվ և հույս հայտնել, որ նա իր գործունեությամբ կնպաստի երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ամրապնդմանը, տնտեսական գործակցության զարգացմանը: Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ է հիշել այս տարի սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, Չեխիայի վարչապետի հետ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են փոխգործակցության հարցեր, և պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ակտիվացնել բարձրաստիճան պաշտոնական փոխայցերը: Վարչապետը երախտագիտություն է հայտնել Չեխիայի խորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար՝ նշելով, որ փաստաթղթի արագ վավերացումը կնպաստի ՀՀ բարեփոխումների օրակարգի արդյունավետ իրագործմանը։ Հայաստանում Չեխիայի դեսպանը նշել է, որ իր համար մեծ պատիվ է ՀՀ-ում դիվանագիտական առաքելություն իրականացնելը և պաշտոնավարման ընթացքում կգործադրի առավելագույն ջանքերը՝ հայ-չեխական գործընկերությունը խորացնելու ուղղությամբ: Նրա խոսքով՝ Չեխիան սատարում է Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին և պատրաստ է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ՝ Եվրամիության, Արևելյան գործընկերության ձևաչափերում զարգացնել կապերը: Զրուցակիցները քննարկել են փոխշահավետ ուղղություններով առևտրատնտեսական գործակցության ընդլայնման հարցեր, անդրադարձել օդային ուղիղ հաղորդակցության հաստատման հնարավորություններին, մտքեր փոխանակել ԵՄ շրջանակում մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի շուրջ: Վարչապետը կարևորել է Չեխիայի հավասարակշռված դիրքորոշումը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia