Search

Վարչապետը լավ լուր հայտնեց. կորոնավիրուսից ապաքինված 4 անձ այսօր դուրս է գրվել հիվանդանոցից


Հայաստանում այսօր առողջացումով հիվանդանոցներից դուրս են գրվել նախկինում կորոնավիրուսով վարակված 4 քաղաքացիներ, ինչպես նաև մեկուսացումից տուն է վերադառնում 37 քաղաքացի: Այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում, որը ժողովրդին հղեց մարտի 24-ին:

«Եվ ի վերջո, խոսքս ուզում եմ ավարտել լավ լուրով .... Մենք քայլ առ քայլ հաղթահարում ենք կորոնավիրուսը»,-նշեց վարչապետ Փաշինյանը:

Հայաստանում մարտի 24-ի ժամը 18.30-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված 249 դեպք կա, որոնց մեծ մասը Երեւանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում են, մյուսները հանրապետության այլ բուժհաստատություններում: Նրանց մի մասը այս պահին նույնիսկ ջերմություն չունի, ինչը հույս է ներշնչում, որ շատերը կբուժվեն նույնիսկ առանց որեւէ բժշկական միջամտության եւ նրանց այս պահին հիվանդանոցում գտնվելու հիմնական իմաստն այն է, որ չվարակեն ուրիշ քաղաքացիների:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել: Մարտի 21-ին արձանագրվել է ապաքինման երկրորդ դեպքը։

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia