top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Վատիկանը փակել է իր դեսպանատունը Նիկարագուայում


Վատիկանը շաբաթ օրը հայտարարել է, որ փակել է իր դեսպանատունը Նիկարագուայում՝ դիվանագիտական հարաբերությունները դադարեցնելու կառավարության առաջարկից հետո, հաղորդում է Associated Press-ը:

Մանագուայում Վատիկանի ներկայացուցիչ, մոնսինյոր Մարսել Դիուֆը նույնպես ուրբաթ օրը լքել է երկիրը՝ ուղեւորվելով Կոստա Ռիկա, ասել է Վատիկանի անանուն պաշտոնյան։

Նիկարագուայի եկեղեցու եւ նախագահ Դանիել Օրտեգայի կառավարության հարաբերությունները վատթարացել են 2018 թվականից, երբ Նիկարագուայի իշխանությունները դաժանորեն ճնշեցին հակակառավարական ցույցերը:

Որոշ կաթոլիկ առաջնորդներ ցուցարարներին ապաստան են տվել իրենց եկեղեցիներում, իսկ եկեղեցին հետագայում փորձել է միջնորդ հանդիսանալ կառավարության եւ քաղաքական ընդդիմության միջեւ:

Օրտեգան կաթոլիկ գործիչներին, որոնք, իր կարծիքով, համակրում են ընդդիմությանը, անվանել է «ահաբեկիչներ», որոնք աջակցում են իրեն տապալելու փորձերին: Տասնյակ կրոնական գործիչներ ձերբակալվել են կամ հեռացել են երկրից։

Անցյալ տարի Նիկարագուայից վտարվել են միանձնուհիների երկու ժողովներ, այդ թվում՝ Մայր Թերեզայի հիմնադրած Գթության միսիոներներից:

Հայտնի կաթոլիկ եպիսկոպոս Ռոլանդո Ալվարեսը անցյալ ամիս դատապարտվել է 26 տարվա ազատազրկման, քանի որ հրաժարվել է նստել այն ինքնաթիռը, որով 222 այլախոհներ եւ քահանաներ ուղեւորվում էին ԱՄՆ վտարման: Նրան զրկել են նաեւ Նիկարագուայի քաղաքացիությունից։

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը լռել է այս հարցի վերաբերյալ՝ ըստ երեւույթին չցանկանալով սրել լարվածությունը: Բայց Ալվարեսի դատավճռից հետո մարտի 10-ին արգենտինական Infobae լրատվամիջոցին տված հարցազրույցում նա Օրտեգայի կառավարությունն անվանել է «կոպիտ բռնապետություն», որը համեմատելի է հիտլերյանի հետ, եւ որը ղեկավարում է «անհավասարակշիռ» նախագահը:

Ըստ Vatican News-ի՝ Վատիկանի դեսպանատան խնամքը վստահվել է Իտալիայի կառավարությանը՝ դիվանագիտական կոնվենցիաների համաձայն։ Հաղորդագրությունում ասվում է, որ Եվրամիության, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Իտալիայի դիվանագետները հրաժեշտ են տվել գործերի ժամանակավոր հավատարմատար Դիուֆին, նախքան նա փակել է դիվանագիտական պաշտոնը եւ հեռացել:

0 comments

Comments


bottom of page