Վաշինգտոնը կենտրոնացած է Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը թուլացնելու անհրաժեշտության վրա
Վաշինգտոնը մշտապես կենտրոնացած է եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը թուլացնելու և երկու երկրներին կայուն կարգավորման ուղու վրա կանգնեցնելու անհրաժեշտության վրա: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում:
Փրայսը պատասխանել է լրագրողի այն հարցին՝ արդյոք Վաշինգտոնը հետևում է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրադրությանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին զրույցներին հայկական և ադրբեջանական կողմերի հետ և արևմտյան եվրոպացիների մտահոգություններին այս առնչությամբ:
«Մենք հետևողականորեն կենտրոնացած ենք այս մարտահրավերի, լարվածության թուլացման, այս երկու երկրներին կայուն, համապարփակ կարգավորման ուղու վրա կանգնեցնելու անհրաժեշտության վրա: Մենք այստեղ՝ Վաշինգտոնում, կազմակերպեցինք այս երկու երկրների հանդիպումն արտաքին գործերի նախարարների մակարդակով: Նույնը արեցինք Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում: Բացի այդ, մեր ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերն ակտիվորեն ներգրավված է երկու երկրների պաշտոնյաների հետ երկխոսության մեջ՝ համոզվելու, որ մենք անում ենք այն ամենը, ինչ կարող ենք, և ամենակարևորը, որ այս երկու երկրներն անում են ամեն բան, որպեսզի այդ լարվածությունը նվազի»,- ասել է Նեդ Փրայսը:
Kommentare