Սփյուռքի հայկական կրթօջախների մանկավարժների վերապատրաստումն իրականացվելու է առկա և հեռավար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2022 թ. շարունակում է սփյուռքում գործող հայկական դպրոցների մանկավարժների վերապատրաստման ծրագիրը, որը կանցկացվի համակցված (առկա և հեռավար) ձևաչափերով: Վերապատրաստման դասընթացներին կարող են մասնակցել հայկական բաղադրիչով ուսումնական հաստատություններում (պետական և ոչ պետական վարժարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, լրացուցիչ կրթության հաստատություններ, մեկօրյա կրթօջախներ, մշակութային կենտրոններ և այլն) դասավանդող մանկավարժները: Վերապատրաստումն ընթանալու է հետևյալ ուսումնական ուղղություններով՝ յուրաքանչյուրը 120 դասաժամ. Ուսուցում մանկապարտեզում, Ուսուցում մեկօրյա դպրոցում, Հայերենի տարրական ուսուցում ամենօրյա դպրոցում, Հայոց լեզվի և գրականության դասավանդում, Հայ մշակույթի պատմություն և արվեստ, Հայոց պատմություն, Տնօրենների վերապատրաստում: Առկա ձևաչափով վերապատրաստման փուլը կանցկացվի օգոստոսի 1-15-ը. այն նախատեսված է միայն «Մշակույթի պատմություն, արվեստ» խմբի մասնակից մանկավարժների համար: Հեռավար ձևաչափով վերապատրաստումը կանցկացվի 2022 թ. օգոստոս 1-31-ն ընկած ժամանակահատվածում: Հայաստանում վերապատրաստվող ուսուցիչների կեցության, սննդի, դասընթացների ծախսերը հոգում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ճանապարհածախսը հոգում են ուսուցիչները): Դասընթացներն ավարտած ուսուցիչները կստանան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վկայագիր: Ուսումնական խմբերի, ուսումնական պլանների և վերապատրաստող կազմակերպության հայտերը ներկայացնելու մասին տեղեկությունները կտրամադրվեն լրացուցիչ՝ համաձայն ժամանակացույցի: Լրացուցիչ հարցերի դեպքում հարկ է դիմել ՀՀ ԿԳՄՍՆ սփյուռքի հետ կապերի բաժին (հեռախոս՝ +374 10 599-647 (աշխ.), +374 91 71-61-62, +374 98 240-140 (what’s app, viber), էլ. փոստ՝ karen.mnatsakanyan@escs.am):
Comments