top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ստեփանակերտում կայացել է կրթական-տեխնոլոգիական «Artsakh STEM Expo 2023»-ը


Արցախի պետական համալսարանում օգոստոսի 6-ին տեղի է ունեցել «Գիտություն և մոտիվացիա» խորագրով «Artsakh STEM Expo 2023» կրթական-տեխնոլոգիական միջոցառումը:

Միջոցառման նպատակը բնագիտական, տեխնոլոգիական, «Ճարտարագիտություն» և «Մաթեմատիկա» առարկաների նկատմամբ դպրոցականների և ուսանողների հետաքրքրությունը մեծանելն է, ինչպես նաև ինժեներական, տեխնոլոգիական և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներին նրանց ծանոթացնելն ու կրթություն-աշխատաշուկա կապի ընդլայնելը։

Բացման արարողությանն Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Նորայր Մկրտչյանը, ողջունելով մասնակիցներին ու կազմակերպիչներին, երկրի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու համար կարևորել է գիտության ու տեխնիկայի սրընթաց առաջընթացից հետ չմնալը:

«Պիտի ցանկացած միտք, գաղափար ներդնենք Արցախը հզորացնելու համար: Այս հարթակը բարենպաստ է, որպեսզի կարողանանք գեներացնել մեր գաղափարները, մտահղացումները և փոքր-ինչ առաջ մղենք գիտության զարգացումն Արցախ աշխարհում»,- ասել է նախարարը՝ արգասաբեր աշխատանք մաղթելով միջոցառման մասնակիցներին:

Հեռավար ողջունելով ներկաներին՝ «Artsakh STEM Expo 2023»-ի կազմակերպչական աշխատանքների համակարգող Արտավազդ Բոյաջյանը շնորհակալություն է հայտնել իր թիմին, որի շնորհիվ հնարավոր է դարձել հաղթահարել շրջափակման շատ դժվարություններ ու կյանքի կոչել գաղափար, որի նպատակն ուսման, զարգացման և առաջընթացի համար միջավայր ու հնարավորություններ ստեղծելն է:

Միջոցառման աջակից, ամերիկաբնակ Քրիստինե Զաքարյանի խոսքով՝ առանց գիտության ու տեխնոլոգիական առաջընթացի ուժեղ պետություններ չեն լինում: «Աշխարհը զարգանում է շատ արագ, իսկ այդ ամենից հետ մնալը նշանակում է պարտվել»,- շեշտել է նա՝ անհրաժեշտություն համարելով աշխարհի գիտատեխնոլոգիական տեղաշարժերին, նորություններին հետևելն ու դրանք ի շահ Արցախի կիրառելը:

Միջոցառմանը տեղի է ունեցել գիտական, ինժեներական և աշակերտական-ուսանողական խմբերի հետազոտական արտադրանքի և աշխատանքների ցուցահանդես: Պանելային քննարկումների ընթացքում էլ գիտական, ինժեներական, տեխնոլոգիական և բիզնես ոլորտների ներկայացուցիչներն անդրադարձլ են իրենց փորձին, աշխատանքի առանձնահատկություններին, ոլորտում առկա հնարավորություններին, նոր միտումներին ու մասնագիտություններին:

Ըստ կազմակերպիչների՝ անցկացվելու է նաև Արցախում գործող գիտական, տեխնոլոգիական, ինժեներական գաղափարների մրցույթ՝ նպատակ ունենալով խթանել Հայաստանում և սփյուռքում գործող տեխնոլոգիական ընկերությունների հետ կապերը և մենթորության հնարավորություն ստեղծել։

Միջոցառմանը մասնակցել են հանրակրթական դպրոցների բարձր դասարանների աշակերտներ, ուսանողներ, հետաքրքրված անհատներ:

0 comments

Comments


bottom of page