top of page
Search

Ստեփանակերտում բացվել է ռուսական կենտրոն


Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 19-ին Ստեփանակերտում մասնակցել է ԱՀ իշխանությունների նախաձեռնությամբ և  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ,  բարերար  Գագիկ Ծառուկյանի  հովանավորությամբ հիմնադրված ռուսական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը։

Նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ կառույցի գործունեությունն ուղղված կլինի  ռուսաց լեզվի,  ռուսական մշակույթի և պատմության մասսայականացմանը, կրթության ոլորտում երկխոսության և սերտ  համագործակցության զարգացմանը։ Առկա հարուստ գրքային ֆոնդի շնորհիվ մատաղ սերունդը  հնարավորություն կունենա նաև  ուսումնասիրելու ռուս գրողների ստեղծագործություններ։

Նախագահ Հարությունյանը կարևորել է նման հաստատությունների գործունեության  կարևորությունը մշակույթի և կրթության ոլորտում հայ֊ռուսական կապերի հետագա զարգացման տեսանկյունից։

«Ռուսական կենտրոնների բացումը հանդիսանում է հայ և ռուս ժողովուրդների բազմադարյա բարեկամության ևս մեկ ակնառու ապացույց և մեր սերտ համագործակցության վառ օրինակ։  Արցախում միշտ հատուկ ուշադրություն է դարձվել ռուսաց լեզվի ուսումնասիրությանը, իսկ կենտրոնի բացումն  առավել  քան պահանջված է   ներկա պայմաններում», - նշել է Արայիկ Հարությունյանը։

Նախաձեռնության կարևորությունն ընդգծող  խոսքով հանդես են եկել նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանը, հանրային գործիչներ, ովքեր համոզմունք են հայտնել, որ կենտրոնը կդառնա կարևոր մշակութային և կրթական օջախ բոլոր արցախցիների համար։

0 comments

Comentários


bottom of page