top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ստեփանակերտի մանկական հիվանդանոցն այլևս չի զրկվի տաք ջրից. Տանիքին ջրատաքացուցիչ է տեղադրվել




Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորումը գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումների դեպքում այլևս չի զրկվի տաք ջրից։ Հիվանդանոցի տանիքին 300լ․ տարողությամբ 8 արևային ջրատաքացուցիչ է տեղադրվել:

«Երբ գազամատակարարումը դադարում էր, հիվանդանոցն անցում էր կատարում էլեկտրաէներգիայի սպառման, ինչի հետևանքով հոսանքի լարերն այնպես էին ծանրաբեռնվում, որ վառվում էին։ Կլինիկայի գեներատորը, չդիմանալով ծանրաբեռնվածությանը, երկու անգամ փչացավ։ Ստիպված էինք բոլոր պլանային միջամտությունները հետաձգել, անհետաձգելի վիրահատություններ անելիս էլ հոսանքազրկում էինք հիվանդանոցի մի մասը։ Իսկ հիմա այլևս նման խնդրի առջև չենք կանգնի»,- ասում է «Արևիկ» մանկական բուժմիավորման տնօրեն Կարեն Մելքումյանը՝ նշելով, որ հատկապես մանկական կլինիկայի դեպքում խնդիրը օրհասական էր։

«Արևիկ»-ն, այսպիսով, առաջին բուժմիավորումն է Արցախում, որն անցում է կատարում արևային էներգետիկայի։ Հիվանդանոցի 3 ամենամեծ բաժանմունքները՝ վիրաբուժական, մանկաբուժական, ռեանիմացիա-ինտենսիվ թերապիայի, և վիրահատարանը մշտապես անվճար տաք ջուր կունենան՝ տարեկան խնայելով մի քանի միլիոն դրամ։

Մանկական հիվանդանոցն էներգետիկ առումով անկախ ու անխոցելի դարձնելու ծրագիրը նախաձեռնել է Արցախի նախագահի խորհրդական Հարութ Մնացականյանը, իսկ դրամահավաքը կազմակերպել  «Republic of Artsakh» և «Armenian Military Portal» տելեգրամյան ալիքների սեփականատեր Վազգեն Ղազարյանը, որին հաջողվել է ՌԴ հայ համայնքի հանգանակությունների շնորհիվ հավաքագրել անհրաժեշտ ֆինանսական միջոցները։

«Մենք նպատակ ունենք մանկական հիվանդանոցն էներգետիկ առումով լիովին անկախ դարձնելուց հետո անցնել Արցախի մյուս առաջնային անհրաժեշտության օբյեկտներին։ Վստահ ենք, որ այդ առումով կշարունակենք համագործակցությունը Shtigen Group-ի հետ»,- ասում է Հարութ Մնացականյանը։

Արցախում էներգետիկ անկախություն ապահովելու նպատակով Shtigen Group-ն այս տարվա ապրիլից  իրականացնում է «Արևածագ Արցախում» նախագիծը՝ նպատակ ունենալով յուրաքանչյուր տան և հաստատության տանիքին տեղադրել արևային կայան ու ջրատաքացուցիչ։

0 comments

Comments


bottom of page