top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ստամբուլի պատմական հայկական «Սանասարյան հան» շենքը կվերադարձվի հայ համայնքին



Թուրքիայի սահմանադրական դատարանի որոշմամբ Ստամբուլի «Սանասարյան հան» անվանումով պատմական հայկական շենքը կվերադարձվի հայկական Սանասարյան հիմնադրամին:Էրմենիհաբերի փոխանցմամբ, Թուրքիայի կառավարության պաշտոնաթերթում հրապարակված որոշումից պարզ է դարձել, որ այդ երկրի ՍԴ-ն որոշում է կայացրել 1930-ին պետության կողմից բռնագրաված շենքի սեփականության իրավունքի խախտված լինելու օգտին:Այսպիսով, շենքի սեփականության իրավունքը կվերադարձվի հայկական հիմնադրամին:Այս գործով դատական գործընթացը շարունակվում էր արդեն 11 տարի: Պետության կողմից առգրավված և Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր վարչությանը հանձնված շենքի նկատմամբ սեփականության իրավունքը ետ ստանալու նպատակով Պոլսի հայոց պատրիարքարանը թուրքական դատարան էր դիմել դեռևս 2011-ին: 2014-ի հուլիսին Ստամբուլի 13-րդ դատարանը որոշում էր կայացրել հօգուտ Հիմնադրամների գլխավոր վարչության, ինչից հետո պատրիարքարանը բողոք էր ներկայացրել վերաքննիչ դատարան:Շուրջ երեք ու կես տարի տևած դատական գործընթացի արդյունքում 2017-ին վճռվել էր ճանաչել այդ շենքի նկատմամբ Պոլսի պատրիարքարանի սեփականության իրավունքը: Սակայն շատ չանցած Հիմնադրամների գլխավոր վարչության պահանջով գումարված նոր նիստի արդյունքում դատարանն իր իսկ նախորդ որոշումը բեկանել էր՝ շենքի սեփականության իրավունքը կրկին վերադարձնելով վարչությանը: Դրանից հետո պատրիարքարանը վեճը տեղափոխեց Թուրքիայի ամենաբարձր դատական ատյան՝ Սահմանադրական դատարան, որն էլ գործով որոշում է կայացրել 2022-ի նոյեմբերի 3-ին, սակայն որոշումը կառավարության պաշտոնաթերթում հրապարակվել է ավելի քան 1 ամիս անց:Վերջին շրջանում թուրքական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր վարչությունը հայկական պատմական այդ շինությունը պատրաստվում էր վարձակալության հանձնել: Ըստ լուրերի՝ վարձակալող ընկերությունը այն պետք է շահագործեր որպես 5 աստղանի հյուրանոց:Հիշեցնենք, որ «Սանասարյանի հանը»  կառուցվել է Ստամբուլում 1881թ. Էրզրումցի հայ վաճառական և բարերար Մկրտիչ Սանսարյանի կողմից: Շենքը նպատակ է ունեցել Էրզրումում բացված նույնանուն դպրոցի համար եկամուտ ապահովել: Շենքի կառավարման իրավունքը հանձնվել է Սանասարյան հիմնադրամին, իսկ հիմնադրամի ղեկավարումը` Պոլսո հայոց պատրիարքին: 1930-ին Հանրապետական Թուրքիայի կողմից շենքի բռնազավթումից հետո այն օգտագործվել է որպես Ստամբուլի ոստիկանության շենք, այնուհետև այստեղ է կենտրոնացել տնտեսական դատարանը:

0 comments

Comments


bottom of page