Search

Սպիրտի և ալկոգելերի գնային փոփոխություն չկա, բարձրացել է նպարեղենի գինը. վարչապետ


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրեն զեկուցել են՝ շուկայում կորոնավիրուսի տարածումից հետո սպիրտի ու ալկոգելերի գնային փոփոխություն տեղի չի ունեցել: Այս մասին Փաշինյանն ասաց «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում:

«Խոսվում էր այն մասին, որ սպիրտի գինն անրտամաբանական աճ է արձանագրել: Ուզում եմ ասել, որ սպիրտի գնի աճը կապված է հարկային օրենսդրության փոփոխության հետ: Կա նվազագույն գին հասկացություն, սպիրտի այդ նվազագույն գինը փոխվել է և գնի թանկացումը կապված է բացառապես դրա հետ: Կորոնավիրուսից առաջ և հետո գնային փոփոխություն տեղի չի ունեցել: Ինձ զեկուցել են, որ ալկոգելերի գնային փոփոխություն կորոնավիրուսից առաջ և հետո տեղի չի ունեցել»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ նպարեղենի գնային փոփոխություն է տեղի ունեցել, ինչը կապված է մարդկանց ճգնաժամային գնումների հետ: «Ես կոչ կանեմ մեր հայրենակիցներին՝ խուճապային ու ճգնաժամային գնումներ չիրականացնել: Խանութները, ցանցերը որևէ ապրանքի պակասություն չունեն պահեստներում: Ինձ ասում են, որ խոշոր սուպերմարկետների, ցանցերի առևտուրն աճել է, իսկ փոքր կրպակների առևտուրը նվազել է: Կոչ եմ անում չմոռանալ նաև փոքր ու միջին բիզնեսի մասին»,- նշեց վարչապետը:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու որոշում ընդունեց: Որոշումը կայացվեց գործադիրի մարտի 16-ի նիստում՝ հաշվի առնելով աշխարհում և Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման և այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից պանդեմիա որակվելու հանգամանքը:

«Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն հայտարարել արտակարգ դրություն»,-նշված է ՀՀ կառավարության որոշման նախագծում:

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 52-ի, մեկուսացված է ավելի քան 300 հոգի: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia