Search

Սնկից թունավորումների դեպքերը նվազել են


Հայաստանի տարածքում այս տարվա 1-ին կիսամյակում արձանագրվել է սնկից թունավորման 7 դեպք՝ 18 տուժածով, որից մինչև 14 տարեկան երեխաների շրջանում` 1 դեպք՝ 2 տուժածով: Դեպքերն արձանագրվել են Արարատի, Շիրակի, Արմավիրի, Լոռու և Կոտայքի մարզերում: Իսկ նախորդ տարի նույն ժամանակահատվածում գրանցվել է սնկից թունավորման 32 դեպք՝ 43 տուժածով: Սննդային թունավորման դեպքերը կանխարգելելու նպատակով առողջապահության նախարարության մասնագետները տեղերում իրականացրել են բժշկահիգիենիկ գիտելիքների տարածում: Հիշեցնենք, որ սնկից թունավորման կլինիկական հիմնական ախտանշաններն են որովայնի կտրուկ ցավը, սրտխառնոցը, անընդհատ փսխումները, առատ քրտնարտադրությունը, թքահոսությունը, գլխապտույտը, գլխացավը, անհագ ծարավի զգացումը, հալյուտինացիաները` առանց քնկոտության, ցնորքը, գիտակցության կորուստը, դեմքի կարմրությունը, սրտխփոցը, վախի զգացումը, լյարդի ախտահարման արդյունքում` մեծացած և ցավոտ լյարդը, դեղնուկը, լյարդային կոման, երիկամների ախտահարում: Հիվանդության առաջին նշաններն ի հայտ գալուն պես անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի։ Սնկից թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է.

• սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ,

• չհավաքել սունկ ճանապարհների եզրերից,

• ուտելի և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել նկարները, քանի որ թունավոր սնկերը շատ հաճախ աճում են ուտելի սնկերի մոտ և կարող են արտաքին տեսքով շատ նման լինել,

• սնկերը տարբերակելու համար հիմք չընդունել ժողովրդական առասպելները, ըստ որոնց թունավոր սնկերին չեն մոտենում միջատները և այլ կենդանիները կամ եփելու ընթացքում արծաթը սևանում է և սևացնում է սնկային արգանակը,

• չուտել հում սունկ,

• երեխաներին չկերակրել սնկով,

• աղեստամոքսային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց խորհորդ չի տրվում սննդում օգտագործել սունկ,

• սնկի հետ չօգտագործել ալկոհոլ, քանի որ այն ակտիվացնում է մի շարք թունավոր նյութեր,

• թարմ սնկերը 1 օրից ավելի չպահել` նույնիսկ սառնարանային պայմաններում,

• չզբաղվել ինքնաբուժմամբ։

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia