top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Սեպտեմբերի ագրեսիայի ժամանակ Հայաստանն ունեցել է 225 զոհ, օկուպացվել` 150 քառակուսի կմ տարածք

Մենք ականատես եղանք այսօրվա մարտահրավերների առաջին ծիլերին և մեր տարածաշրջանում եվրոպական անվտանգային ճարտարապետության փլուզմանը դեռևս 2020 թվականին, երբ Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի դեմ։ Այս մասին Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդում քննարկման բացման խոսքում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նաեւ նշել է. «2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանը ոչ միայն չհրաժարվեց իր ռազմատենչ և սպառնալիքների քաղաքականությունից, այլև նոր ագրեսիա իրականացրեց՝ այս անգամ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների դեմ 2021 թվականի մայիսին, 2021 թվականի նոյեմբերին և 2022 թվականի սեպտեմբերին։ Վերջին ագրեսիայի ժամանակ՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ը, Ադրբեջանը ձեռնարկեց լայնածավալ ռազմական հարձակում՝ թիրախավորելով Հայաստանի ռազմական և քաղաքացիական ենթակառուցվածքները՝ օգտագործելով ծանր հրետանի, հրթիռային համակարգեր և անօդաչու սարքեր։ Դրա հետևանքով` հայկական կողմն ունեցել է 225 զոհ, այդ թվում՝ 3 խաղաղ բնակիչ, օկուպացվել է Հայաստանի ինքնիշխան տարածքների ավելի քան 150 քառակուսի կիլոմետրը։ Այսօր ես չէի ցանկանա խորանալ 2020, 2021, 2022 թվականների ագրեսիաների մանրամասների մեջ, սակայն անհնար է անտեսել գերի ընկած կամ արդեն մահացած հայ զինծառայողների (այդ թվում՝ կին զինծառայողների) խոշտանգումների բազմաթիվ դեպքերը, անդամահատման փաստերը և ադրբեջանական զինուժի այլ վայրագությունները։ Տարածված սարսափելի տեսանյութերը, որտեղ Ադրբեջանցի զինվորականները «ԻՊ-ի ոճով» ռազմական հանցագործություններ են գործում՝ մահապատժի ենթարկելով հայ ռազմագերիներին, պետք է ճանաչվեն և հասցեագրվեն միջազգային հանրության կողմից։ Մեկ այլ խնդիր է Ադրբեջանի կողմից Սիրիայից վարձկանների ներգրավումը»:

0 comments

Comments


bottom of page