top of page

Սեուլում հրմշտոցի պատճառով է եղել 151 զոհ, 82 վիրավոր

  • Anews
  • Oct 30, 2022
  • 2 min read

Հոկտեմբերի 29-ին Սեուլի կենտրոնում գտնվող Itaewon Walking Street-ում Հելոուինի տոնակատարության ժամանակ հրմշտոց է տեղի ունեցել, որի հետեւանքով զոհվել է 151, վիրավորվել՝ առնվազն 82 մարդ։ Ոստիկանության տվյալներով շաբաթ օրը մոտ 100 հազար մարդ է հավաքվել Իտաեւոն շրջանում, որը լի է բարերով, ռեստորաններով եւ ակումբներով: Հրմշտոցը սկսվել է տեղական ժամանակով 22:20-ի սահմաններում Հեմիլթոն հյուրանոցի մերձակայքում գտնվող նեղ հետիոտնային փողոցներում, որը գտնվում է մետրոյի Itaewon կայարանի մոտ: Միջադեպի հետեւանքով զոհվել է 151 մարդ, վիրավորվել՝ առնվազն 82 մարդ, որոնցից 19-ը ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց։ Մահացածների թվում կա 97 կին եւ 54 տղամարդ, որոնց մեծ մասը մինչեւ 30 տարեկան։ Առնվազն 19 օտարերկրացիներ, այդ թվում՝ Իրանի, Չինաստանի, Նորվեգիայի եւ Ուզբեկստանի քաղաքացիներ, դարձել են հրմշտոցի զոհ, հաղորդում է Yonhap գործակալությունը։ Հարավային Կորեայում Ռուսաստանի դեսպանատունը հայտնել է միջադեպի հետեւանքով երեք ռուս կնոջ մահվան մասին։ Սեուլի փրկարար ծառայությունների ներկայացուցչի խոսքով՝ տուժել է 15 օտարերկրյա քաղաքացի։ Իշխանությունները մոտ 355 հաղորդում են ստացել անհետ կորածների մասին։ Զոհվածների եւ վիրավորների ճնշող մեծամասնությունը 18-ից 30 տարեկան երիտասարդներ են, որոնց գրեթե երկու երրորդը կանայք են։ Ըստ YTN հեռուստաալիքի հրմշտոցի պատճառը բարերից մեկում հայտնի մարդու հայտնվելն է: Ինչպես հայտնում է KBS հեռուստաալիքը, ողբերգության պատճառը եղել է մարդկանց ոչ պատշաճ պահվածքը, որոնց ակումբներից մեկում իբր թմրանյութով կոնֆետ են տվել։ Լրատվականի փոխանցմամբ՝ Կորեայի Հանրապետության ոստիկանությանը հաջողվել է պարզել հրմշտոցի արդյունքում մահացած 151 մարդկանցից 140-ի ինքնությունը։ Yonhap լրատվական գործակալությունը նշել է, որ մոտակայքում գտնվող հաստատությունները հրմշտոցի ժամանակ մարդկանց ներս չեն թողել: Դեպքի վայր են ուղարկվել ավելի քան 1700 բժիշկներ ու փրկարարներ, շտապօգնության 140 մեքենա ու հրշեջ բրիգադ։ YTN-ի փոխանցմամբ՝ փրկարարները վերակենդանացում են իրականացրել հենց փողոցում։ Հաղորդվում է, որ դեպքի վայրում արձանագրվել է մոտ 70 մարդու մահ, մնացածը մահացել են ճանապարհին կամ հիվանդանոցներում։ Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլը եւ վարչապետ Հան Դոկ Սուն կոչ են արել բուժաշխատողներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերել տուժածներին։ Սեուլի քաղաքապետ Օ Սե Հունը որոշել է չեղարկել իր ուղեւորությունը Եվրոպա։ Յուն Սեոկ Յոլը միջադեպի կապակցությամբ արտակարգ խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցել են երկրի եւ Սեուլի ներքին գործերի նախարարները, ինչպես նաեւ օպերատիվ եւ փրկարարական ծառայությունների այլ ներկայացուցիչներ։ Հարավային Կորեայի առաջնորդը հորդորել է արագ ճանաչել բոլոր մահացածներին ու վիրավորներին եւ տեղեկացնել նրանց հարազատներին՝ խոստանալով աջակցել հուղարկավորության կազմակերպմանը եւ մանրակրկիտ հետաքննություն անցկացնել միջադեպի առնչությամբ։ Երկրում համազգային սուգ է հայտարարված, որը կտեւի մինչեւ նոյեմբերի 5-ը ներառյալ։

 
 
 

Comments


bottom of page