Search

ՍԴ-ն եւ ԲԴԽ-ն իշխանության կցո՞րդ, թե անկախ մարմին


Երեկվանից տարածվում է «Իմ քայլը» խմբակցության փակ նիստի ձայնագրությունը, որտեղ քննարկվում է Սահմանադրական դատարանը և Բարձրագույն դատական խորհուրդը ցրելու հարցը: Դրան հաջորդեցին իմքայլականների իրարամերժ հերքումներն ու հաստատումները: Որոշ պատգամավորներ հերքեցին, մյուսները հատատեցին, որ օրակարգում ՍԴ-ն և ԲԴԽ-ն ցրելու հարցն էր:

Իրականում մենք գործ ունենք շատ վտանգավոր միջադեպի հետ, շատ վտանգավոր նախադեպի հետ։

Ժամանակագրական առումով այս նիստը, այս ձայնագրությունը հաջորդեց դատարանի կողմից Քոչարյանի գործը կասեցնելուն և Սահմանադրական դատարան ուղարկելուն: Այստեղից պարզ երևում է, որ իմքայլականների «բարեփոխումների» մասին որոշումները անմիջականորեն կապվում են Քոչարյանի գործի հետ: Դատարանը կալանքի մասին որոշում է տալիս, ուրեմն դատարաններին ձեռք տալ պետք չէ, կալանքի մասին որոշումը փոխում է, ուրեմն դատարանների աշխատանքները պետք է կազմալուծել, շատ արագ անցնել վեթինգի ու ներգործության այլ միջոցների, ինչպես նաեւ ցրել ԲԴԽ-ն:

Անկեղծ ասած, այս մարմինն այնպես չէ, որ փայլուն իրականացնում է իր առաքելությունը, բայց գոյություն ունեն իրավական երաշխիքներ և դրանք անտեսելը կամ խախտելը պարզապես անթույլատրելի է: Եվ եթե նպատակը չլիներ բոլոր մարմիններին դարձնել իշխանության կամակատար, ապա դատաիրավական համակարգի բարեփոխումները, որոնք կարվեին բացառապես սահմանադրական ճանապարհով, կլուծեին նաև ԲԴԽ-ի արդյունավետության խնդիրը: Բայց կարծես նպատակն ամենևին էլ համակարգի առողջացումը չէ, այլ այս անգամ այս իշխանության կցորդը դարձնելն է:

Հիմա հերթը նաև ՍԴ-ինն է: Գործը գտնվում է ՍԴ-ում, ուրեմն շատ արագ պետք է ՍԴ-ն ցրել: Սա պարզապես լուրջ սպառնալիք է իշխող ուժի կողմից: Այստեղ կարող է խոսք գնալ սահմանդրական կարգի տապալման կամ այդպիսի ծրագրի մշակման մասին։ Այս հայտարարությունները լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս, քանի որ հակաիրավական և հակասահմանադրական բովանդակություն ունեն:

ՀՀ Սահմանադրությունը և Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքը սահմանում են դատավորի անփոփոխելիության, անձեռնմխելիության երաշխիքներ: Եվ այսպիսի քննարկումներն արդեն իսկ ճնշում են այս մարմինների նկատմամբ: Այդպիսի հակասահմանադրական որոշում կայացնելու դեպքում մեր երկիրը շատ երկար ժամանակ պետք է փորձի վերականգնել իր միջազգային հեղինակությունը, շատ երկար պետք է համոզի օտարերկյա ներդնողներին, որ իրենց հանդեպ ևս չեն կայացվելու հակաօրինական որոշումներ:


Էլինար Վարդանյան

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia