Search

Սա մոլորություն է, որի բացասական հետևանքները զգացվելու են ապագայում. Արման Բաբաջանյան


ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում դատաիրավական բարեփոխումների, դատավորների շրջանում վեթինգի իրականացման ու անցումային արդարադատության կիրառման հարցում առանձնահատուկ նշանակություն ունի Բարձրագույն դատական խորհուրդը՝ ԲԴԽ-ն, որին գործող իշխանությունը կենտրոնական դերակատարում է վերապահում կամ վերապահելու նշված՝ չափազանց կարևոր ու պետության համար կենսական նշանակություն ունեցող գործընթացներում։

Իշխանությունը համարում է, որ ԲԴԽ-ի կազմում ու ղեկավարության շրջանում տեղի ունեցած վերջին փոփոխությունները բավարար են, որպեսզի այս մարմինը կատարի այդ դերակատարությունը։ Մինչդեռ դատական համակարգում վերջին շրջանում տեղի ունեցած մի շարք կարևորագույն իրադարձությունների վերաբերյալ ԲԴԽ-ի լուռ կամ ամորֆ վերաբերմունքը՝ մի կողմից, նրա անդամների ու ղեկավարության հանդեպ հանրության շրջանում առկա բացասական վերաբերմունքն ու անվստահությունը՝ մյուս կողմից, ցույց են տալիս, որ ԲԴԽ-ն չի կարող իրականացնել այն կարևորագույն առաքելությունը, որն իշխանությունը վերապահում է այդ մարմնին։

Հայաստանում դատաիրավական համակարգի արմատական վերափոխման, իրական բարեփոխումների ու իրապես անկախ դատական համակարգի կազմավորումն անհնար է առանց այն մարմինների ու ինստիտուտների «մարքման», որոնք դերակատարում ունեն այդ կարևորագույն գործընթացում։ ԲԴԽ-ն այս շարքում առանցքային նշանակություն ունի։ Մինչդեռ դատելով իշխանության դիրքորոշումից՝ կարելի է եզրակացնել, որ ԲԴԽ-ի հետ կապված իշխանությունը որևէ վերապահում չունի և արդարադատության ոլորտի միակ խնդիրը համարում է Սահմանադրական դատարանի նախագահի փոփոխությունը։

Իրականում սա մոլորություն է, որի բացասական հետևանքները զգացվելու են ապագայում՝ դատաիրավական բարեփոխումների իրականացման գործնական փուլում, երբ պարզ կդառնա, որ ԲԴԽ-ն իր ներկայիս կազմով ու ղեկավարությամբ ունակ չէ ապահովելու դատական իշխանության և դատավորների անկախությունը»:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia