ՍԱՏՄ-ն վերջին 1 ամսում խախտումներ է հայտաբերել 1000 տնտեսվարողի մոտ․ կազմվել են արձանագրություններ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերջին 1 ամսում ստուգայց է իրականացրել 4000 տնտեսվարողի մոտ, սակայն խախտումներ են հայտնաբերվել 1000-ի մոտ։ Այս մասին պարետատան նիստին հաջորդած ճեպազրույցի ժամանակ ասաց ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը։
«ՍԱՏՄ-ն հենց առաջին օրվանից լծված էր այն աշխատանքներին, որոնք միտված էին մեր սպառողներին կորոնավիրուսային հիվանդությունից զերծ պահելուն։ Մարտի 19-ից սկսած մենք կատարել ենք 13 067 շրջայց և ստուգում, կազմել ենք 1015 արձանագրություն, այս պահին արդեն կա 976 փակված հանրային սննդի օբյեկտ, սննդի արտադրամասեր և խանութներ։ Ուրախալի է այն, որ վերջին 1 ամսում մենք իրականացրել ենք 4000 շրջայց, որից 1000-ի դեպքում ենք կազմել արձանագրություններ։ Միտում կա, որ մեր տնտեսվարողները, հանրային սննդի օբյեկտների ղեկավարներն, անսալով մեր կոչին, իրականացնում են այն բոլոր միջոցառումները, որոնք նախատեսված են հակահամաճարակային այս ժամանակահատվածում»,- նշեց Ավետիսյանը։
Խոսելով խախտումների մասին՝ նա նշեց, որ հիմնականում հաճախորդները չեն պահպանել սահմանված 1,5 մ հեռավորությունը, հաճախորդներին մատուցվել է նարգիլե, ինչը խստիվ արգելվում է, աշխատակիցները դիմակները սխալ են կրել, սեղաններին բացակայել են ախտահանող միջոցները, չի վարվել աշխատակիցների ջերմաչափում և այլն։
«Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն տնտեսվարողներին, որոնք մինչ այս որևէ տույժի չեն ենթարկվել, որոնք 1 անգամ տուգանվելուց հետո շտկել են բոլոր թերացումները։ Մենք ամենօրյա ռեժիմով դիտարկումներ ենք իրականացնում և շարունակելու ենք իրականացնել»,- ասաց Ավետիսյանը։
Comments