Search

«Սանիթեք»-ը այս քայլով կարող է վնասել ոչ միայն մեր քաղաքին, այլև՝ պետությանը. Դավիթ Խաժակյան


Կառավարության դիմաց ասուլիսի ժամանակ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն անդրադարձավ «Սանիթեք» ընկերության՝ հուլիսի 31-ին Թբիլիսիում նախատեսված ասուլիսին: «Ընկերությունը պատրաստվում է հարևան պետության մայրաքաղաքում պատասխանել լրագրողների հարցերին, մինչդեռ հայ հասարակությունը երկար ժամանակն սպասում է աղբահանության խնդրի լուծման, ոչ թե մեկնաբանությունների, այն էլ՝ Թբիլիսիում: ««Սանիթեք»-ի այս քայլը կարող է վնաս հասցնել ոչ միայն մեր քաղաքին, այլև՝ պետությանը: Խոսքը գնում է մի կազմակերպության մասին, որը հանդիսանում է օտարերկրյա ներդրող ու նրա կողմից հարևան պետության մայրաքաղաքում նման քննարկում անելն ազդելու է Երևանի հեղինակության վրա: Կոչ եմ անում ընկերության ղեկավարությանը զերծ մնալ այդ քայլից»: Բանախոսը նշեց, որ մինչ այս պահն ընկերության կողմից որևէ բացատրություն չի տրվել, թե ինչո՞ւ է նման որոշում կայացվել. «Այսքան ժամանակ «Սանիթեք»-ն իր խնդիրները բարձրաձայնելու խոչընդոտ չի ունեցել Երևանում... Չեմ կարծում, որ երևանյան աղբամանների պրոբլեմների մասին պետք է խոսել Թբիլիսիում»,- հավելեց Խաժակյանը:

Հիշեցնենք՝ երեկ հայտնի դարձավ, որ հուլիսի 31-ին «Սանիթեք» ընկերության ղեկավարները մամուլի ասուլիս են նախատեսում, որը տեղի կունենա Թբիլիսիում: Թե ինչու Թբիլիսիում, ընկերությունից դեռ չեն պարզաբանել:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia