top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ռուս խաղաղապահ ուժերը շարունակում են կատարել իրենց առաջադրանքը Լեռնային Ղարաբաղում. ՌԴ ՊՆ


ՌԴ ՊՆ տեղեկատվական տեղեկագիր է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ ուժերի զորակազմի տեղակայման մասին: Խաղաղապահ ուժերի ռուսական զորակազմը Լեռնային Ղարաբաղի տարածքում շարունակում է կատարել առաջադրանքները: Ռուս խաղաղապահներն իրականացնում են իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն: Շփման գծի ողջ երկայնքով հրադադարը պահպանվում է:

Ռուս խաղաղապահներն օգնություն են ցուցաբերում խաղաղ կյանքի վերականգնման գործում, ապահովում են մարդկանց անվտանգ վերադարձը նախապատերազմյան բնակության վայրեր, մարդասիրական օգնություն է ցուցաբերվում և վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքները: Ռուս խաղաղապահների օժանդակությամբ ամեն օր իրենց նախկին բնակավայրեր են վերադառնում Լեռնային Ղարաբաղի ավելի քան 2000 բնակիչներ, որոնք ռազմական գործողությունների պատճառով նախկինում լքել էին իրենց տները:

Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 17 հազար մարդ: Սոցիալական ենթակառուցվածքների օբյեկտներին և բնակելի շենքերին ջերմամատակարարումը վերականգնելու համար ռուս խաղաղապահներն աջակցել են Ստեփանակերտում գազատարի վերականգնմանը: Մարդասիրական ականազերծման կենտրոնի մասնագետներն Ստեփանակերտի հարավային արվարձանում գտնվող ավելի քան 1.5 կիլոմետր երկարությամբ ճանապարհի հատվածում իրականացրել են ինժեներական հետախուզության և պայթուցիկ նյութերի մաքրման աշխատանքներ:

Օրվա ընթացքում հայտնաբերվել է 87 պայթուցիկ առարկա, որոնք տեղափոխվել են հատուկ սարքավորված զինավարժարան ու ոչնչացվել: Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողության ընթացքում ինժեներական ստորաբաժանումները ականազերծել են ավելի քան 2 հա տեղանք և մոտ 3 կմ ճանապարհ, հայտնաբերվել և վնասազերծվել են 144 պայթուցիկ առարկաներ: Ռուս սակրավորները պայթուցիկ առարկաների առկայությունը ստուգել են Ստեփանակերտի երկու դպրոցների շենքերում և տարածքներում: Այնտեղ նախատեսվում է ուսումնական գործընթացը վերսկսել դեկտեմբերի 1-ից:

Ռուսաստանի խաղաղապահ ուժերի պարեկներն ապահովել են ռուսական մարդասիրական բեռների անվտանգ առաքումը Մարտակերտի, Մարտունիի, Ասկերանի ու Ստեփանակերտի բնակավայրեր: Տեղի բնակչությանը որակյալ բժշկական օգնություն կազմակերպելու համար ռազմական բժիշկներն օգնում են վերականգնել Մարտակերտ քաղաքի շրջանային հիվանդանոցի աշխատանքը:

ՌԴ խաղաղապահ ուժերի և ԿԽՄԿ-ի համակարգմամբ` շարունակվում են զոհերի մարմինների որոնումն ու փոխանակումը:

Խաղաղապահ առաջադրանքներն իրականացնելու և հավանական միջադեպերը կանխելու համար կապեր են հաստատվել հայկական և ադրբեջանական հրամանատարության հետ խաղաղապահ գործողության տարածքում և տեղի վարչակազմերի հետ: Անմիջական կապուղիներով իրականացվում է շարունակական փոխգործակցություն Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page