Ռուս զբոսաշրջիկների բացակայությունից Կիպրոսը 600 մլն. եվրո կկորցնի
Կիպրոսի կառավարության տվյալներով՝ ռուս զբոսաշրջիկների բացակայության պատճառով երկիրը կկորցնի ավելի քան 600 միլիոն եվրո, գրում է տեղական Espresso թերթը՝ վկայակոչելով երկրի իշխանություններին։
Հայտնի է, որ մինչ ավիափոխադրումների դադարեցումը Ռուսաստանի Դաշնությունից զբոսաշրջիկները կղզում թվով երկրորդն էին՝ բրիտանացիներից հետո։ Այս ընթացքում Կիպրոս են ժամանում ուկրաինացի փախստականներ, ինչպես նաեւ երկրում տեղակայված ռուսական ընկերությունների աշխատակիցներ։
«Զբոսաշրջիկները, որոնց մենք թույլ կղզում չենք ընդունի, կգնան հարեւան Թուրքիա, մի երկիր, որը գրեթե հիսուն տարի գրավել է Կիպրոսի հյուսիսային մասը: Մենք համերաշխ ենք Ուկրաինայի հետ, սակայն մեր փոքր կղզին անհամաչափ գին է վճարում եվրոպական այլ երկրների համեմատ»,- իրավիճակը մեկնաբանելով՝ ասել է Կիպրոսի մեծությամբ երկրորդ քաղաք Լիմասոլի հյուրանոցատերերի միության նախագահ Հարիս Թեոխարուսը:
Պարբերականի տվյալներով՝ ռազմական գործողության սկզբից ի վեր կղզի է ժամանել ավելի քան 20 հազար մարդ՝ ուկրաինացի փախստականներ, ինչպես նաեւ Կիպրոսում տեղակայված ռուսական ընկերությունների աշխատակիցներ:
ՄԱԿ-ի տվյալներով՝ Ռուսաստանի ռազմական գործողության մեկնարկից հետո Ուկրաինայից հեռացել է գրեթե 9 միլիոն մարդ։ Սա երկրի բնակչության մեկ հինգերորդից ավելին է: Բաց աղբյուրների տվյալների համաձայն՝ Ուկրաինայի բնակչությունը 2022 թվականի սկզբին կազմել է գրեթե 41 միլիոն մարդ։
תגובות