top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ռուսաստանում Նավալնուն սատարելու ցույցեր են անցկացվում


Ռուսաստանի քաղաքներում գաղութում իր պատիժը կրող Ալեքսեյ Նավալնուն սատարելու ցույցեր են անցկացվում:

«Կոմերսանտը» հայտնում է, որ բլոգերի կողմնակիցները բողոքի ցույցերի մասին հայտարարել են նրա ինքնազգացողության վատթարացման պայմաններում: Իրավապաշտպանների տվյալներով՝ օրվա ընթացքում տարբեր քաղաքներում ավելի քան 400 մարդ է բերման ենթարկվել: ՆԳՆ-ն Մոսկվայում ցույցի մասնակիցների թիվը 6000 է գնահատել, Սանկտ Պետերբուրգում`4500:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», հղում անելով Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարությանը, Ռուսաստանի 29 քաղաքներում չարտոնված ցույցերին մոտ 14 400 մարդ է մասնակցել:

Ինչպես հայտնում են ՏԱՍՍ-ի թղթակիցները, Մոսկվայում ցուցարարները երեկոյան ժամը յոթի կողմերը սկսել են հավաքվել Պուշկինի հրապարակի ու Լենինի անվան գրադարանի մոտակայքում, որտեղից շարժվել են դեպի Մանեժնայա հրապարակ, որն այդ ժամանակ արդեն շրջափակված է եղել իրավապահների կողմից: Այժմ հավաքվածների մի մասը Տվերսկայա փողոցում է, մյուսները շարժվել են դեպի Լուբյանկա, որտեղ ոստիկանության եւ Ռոսգվարդիայի աշխատակիցները ցրել են նրանց հարեւան փողոցներով: Ոստիկանությունը բերման է ենթարկում միայն ակցիայի առավել ակտիվ մասնակիցներին, զանգվածային ձերբակալություններ չկան:

Սանկտ Պետերբուրգում ձերբակալվել է 25 մարդ: Ցուցարարները փորձել են թաքնվել մետրոյում, նրանց ձերբակալել են իրավապահները: «Ակցիայի մասնակիցներից ոմանք մահակների հարվածներ են ստացել: Ձերբակալվածներին մազերից են քարշ տվել»,- հայտնում է «Կոմերսանտը»:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page