Ռուսաստանի առաջարկը ԵՄ-ում «կեղծավոր» են համարել
Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ Ուկրաինայում հրադադարի վերաբերյալ Ռուսաստանի առաջարկը ԵՄ-ում «կեղծավոր» են համարել։ «Ռուսական զորքերի դուրսբերումը խաղաղության եւ անվտանգության վերականգնման միակ լուրջ տարբերակն է։ Միակողմանի հրադադարի մասին հայտարարությունը նույնքան կեղծ եւ կեղծավոր է, որքան անօրինական եւ անհեթեթ անեքսիաները եւ դրանց ուղեկցող հանրաքվեները»,- Twitter-ում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել է հրադադարի ռեժիմ սահմանել Ուկրաինայում կողմերի միջեւ ռազմական շփման գծի ողջ երկայնքով։ «Հաշվի առնելով Նորին Սրբություն Պատրիարք Կիրիլի կոչը՝ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարին հանձնարարում եմ 2023 թվականի հունվարի 6-ի ժամը 12:00-ից մինչեւ 24:00-ն Ուկրաինայում կողմերի շփման գծի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանել: 2023 թվականի հունվարի 7-ին»,- ասված է Կրեմլի հայտարարության մեջ։ Ուկրաինան մերժել է հրադադարի առաջարկը՝ հայտարարելով, որ զինադադար չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ Մոսկվան «իր ուժերը դուրս չի բերել օկուպացված հողերից»։ «Նրանք հիմա ուզում են Սուրբ Ծնունդը օգտագործել որպես քող, թեեւ կարճ ժամանակով, որպեսզի դադարեցնեն մեր տղաների առաջխաղացումը Դոնբասում եւ տեխնիկան, զինամթերքը ու մոբիլիզացված զորքերը մոտեցնեն մեր դիրքերին»,- ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի առաջարկած հրադադարը «մի քիչ թթվածին ստանալու փորձ է»:
Comments