Ռուսաստանը անտարբեր չէ Լեռնային Ղարաբաղի եւ Լեռնային Ղարաբաղի հայերի ճակատագրի նկատմամբ. ՌԴ դեսպան

Ռուսաստանը հիմնվում է նրա վրա, թե ինչպես են կողմերը տեսնում իրենց համար ընդունելի տարբերակները։ Ռուսաստանն իր հերթին պատրաստ է օգնել ապահովելու այդ համաձայնությունը։ Միաժամանակ, Ռուսաստանը անտարբեր չէ նրա նկատմամբ, թե ինչ կլինի Լեռնային Ղարաբաղի հետ եւ ինչպես կդասավորվի Լեռնային Ղարաբաղի հայերի ճակատագիրը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Ռուսաստանը, նրա խոսքով, շատ կարեւոր է համարում այն, որ հայ բնակչությունն այնտեղ իրեն հարմարավետ եւ ապահով զգա։ «Սա, ի վերջո, խաղաղապահ կոնտինգենտի հիմնական նպատակն է, որը տեղակայված է այնտեղ», - պարզաբանել է նա։ Կոպիրկինի համոզմամբ, խաղաղությունը կարող է տեւական լինել միայն այն ժամանակ, երբ հակամարտող կողմերը խաղաղության համաձայնագրի հիմքում ընկած բանաձեւն արդար ընկալեն։ Նրա խոսքով, Ռուսաստանի դիրքորոշումը հիմնված է առաջին հերթին այն սկզբունքի վրա, որ պայմանավորվածությունների ձեռքբերումն առաջին հերթին հենց կողմերի խնդիրն է։ «Ռուսաստանը ոչ մեկին ոչինչ չի ստիպի, եւ մեր նախագահը խոսեց այս մասին։ Մենք արտահայտել ենք մեր դիրքորոշումը, եւ նախագահը խոսել է այս մասին, այդ թվում՝ կարգավիճակի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերին։ Սա հարց է, որը պետք է լուծվի երկու կողմից։ Ռուսաստանում ուշադրություն է հրավիրվել Պրահայի հռչակագրի վրա, որտեղ անդրադարձ կար Ալմա-Աթայի հռչակագրին, որը ճանաչում էր նախկին խորհրդային հանրապետությունների սահմաններն ու տարածքային ամբողջականությունը։ Ռուսաստանում դա ընկալվեց որպես որոշակի առաջընթաց հայկական կողմից Լեռնային Ղարաբաղի հարցում իր դիրքորոշումներում։ Այդ հարցի վերաբերյալ եղան Սերգեյ Վիկտորովիչի (ՌԴ ԱԳ նախարար - խմբ.) մեկնաբանությունները», - ընդգծել է դեսպանը։
Comments