Ռուբեն Վարդանյանին զբաղեցրած պաշտոնից ազատելը դատապարտելի և չկշռադատված քայլ է․ հայտարարություն
Ռուբեն Վարդանյանին զբաղեցրած պաշտոնից ազատելը դատապարտելի և չկշռադատված քայլ է: Այս մասին հայտարարություն է տարածել «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը: Հայտարարությունում ասվում է. «Միասին» այլընտրանքային հասարարական-քաղաքական շարժումն իր խորն անհանգստությունն է հայտնում Արցախի Հանրապետության նախագահի նախաձեռնած վերջին գործողությունների առիթով։ Ադրբեջանի իշխանությունների պահանջով Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանին զբաղեցրած պաշտոնից ազատելը դատապարտելի և չկշռադատված քայլ է, որը ադրբեջանական կողմից իրականացվող ցեղասպան և հարձակողական քաղաքականության ճնշմամբ հետագա կործանարար զիջումների գնալու և Արցախի Հանրապետության ինքնիշխանությունից հրաժարվելու վտանգավոր նախադեպ է ստեղծում: Իր պաշտոնավարման 112 ծանրագույն օրերի ընթացքում Ռուբեն Վարդանյանին ԱՀ կառավարության անդամների հետ հաջողվել էր ուղենշել Արցախի հիմնահարցի միջազգայնացման, շրջափակված տնտեսության զարգացման ինքնաբավ, արդյունավետ ուղիներ՝ հույս և հավատ արթնացնելով արցախահայության մեջ իրենց ուժերի հանդեպ: Արցախի ցեղասպանական շրջափակման և Արցախի ժողովրդի գերության այս դժվարին ու պատասխանատու ժամանակահատվածում, երբ Հայաստանի իշխանությունները ոչ միայն գործուն քայլեր չեն իրականացնում Արցախին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու հարցում, այլև սպասարկում են թշնամական երկրների օրակարգը, անընդունելի և կործանարար ենք համարում Արցախի ներքաղաքական կյանքում նման նահանջը, որը Ադրբեջանի միջազգային հանցագործ վարչակազմի ուղղակի բռնաճնշման արդյունք է: Կոչ ենք անում Արցախի Հանրապետության իշխանության բոլոր ներկայացուցիչներին, հանրային պաշտոնյաներին և ծառայողներին, իրենց ողջ ուժերը, կարողություններն ու ջանքերը ազգի նվիրյալների հետ միասին կենտրոնացնել արցախահայության դիմադրողականության և Արցախի՝ որպես անկախ Ադրբեջանից սուբյեկտի հարատևման համար։
Comments