Ռիշի Սունակը Մեծ Բրիտանիայի վարչապետ կդառնա

Ռիշի Սունակը Մեծ Բրիտանիայի վարչապետ կդառնա այն բանից հետո, երբ մյուս թեկնածուները հրաժարվել են Պահպանողական կուսակցության ղեկավարության համար պայքարից, հայտնում է Reuters-ը։ Չարլզ III թագավորը կխնդրի Սունակին՝ Վեսթմինսթերի ամենահարուստ քաղաքական գործիչներից մեկին, կառավարություն ձեւավորել՝ փոխարինելով հեռացող առաջնորդ Լիզ Թրասին, որը ընդամենը 44 օր է պաշտոնավարել: Սունակը հաղթել է կենտրոնամետ քաղաքական գործիչ Պենի Մորդաունտին, որը չի կարողացել ստանալ օրենսդիրների բավարար աջակցությունը քվեարկությանը մասնակցելու համար, իսկ նրա մրցակից, նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը հրաժարվել է մրցույթին մասնակցությունից: «Սա պատմական որոշում է, որը եւս մեկ անգամ ցույց է տալիս մեր կուսակցության բազմազանությունն ու տաղանդը։ Ես լիովին աջակցում եմ Ռիշիին»,- ասել է Մորդաունտը, երբ հաղթողին հայտարարելուց մի քանի րոպե առաջ դուրս է եկել մրցավազքից: 42-ամյա Սունակը, որը ֆինանսների նախկին նախարարն է, երկու ամսից քիչ ժամանակահատվածում դառնում է Մեծ Բրիտանիայի երրորդ վարչապետը, ում հանձնարարված է վերականգնել կայունությունը մի երկրում, որը քաղաքական եւ տնտեսական ցնցումների տարիներ է անցել: Սպասվում է, որ մուլտիմիլիոնատերն ու հեջ-ֆոնդի նախկին ղեկավարը ծախսերի կտրուկ կրճատումներ կսկսի՝ փորձելով վերականգնել Մեծ Բրիտանիայի ֆինանսական հեղինակությունը ճիշտ այն ժամանակ, երբ երկիրն ընկնում է ռեցեսիայի մեջ՝ պայմանավորված էներգիայի եւ պարենային ապրանքների գների աճով: Մեծ Բրիտանիան մշտական ճգնաժամի մեջ է այն պահից, երբ 2016 թվականին քվեարկեց Եվրամիությունից դուրս գալու օգտին՝ Վեսթմինսթերում պայքարի սկիզբ դնելով երկրի ապագայի համար, որը դեռեւս չլուծված է: Սունակը գրավեց ամբողջ երկրի ուշադրությունը, երբ 39 տարեկանում Ջոնսոնի օրոք դարձավ ֆինանսների նախարար՝ ճիշտ այն ժամանակ, երբ COVID-19 համավարակը հարվածեց Մեծ Բրիտանիային, ստեղծելով աշխատանքից ազատման հաջող սխեմա: Goldman Sachs-ի նախկին վերլուծաբանը կդառնա հնդկական ծագմամբ բրիտանացի առաջին վարչապետը։ Նրա ընտանիքը 1960-ականներին է գաղթել Մեծ Բրիտանիա։ Օքսֆորդի համալսարանն ավարտելուց հետո նա ընդունվել է Սթենֆորդի համալսարան, որտեղ ծանոթացել է իր կնոջ՝ Աքշաթա Մուրտիի հետ, որի հայրը հնդիկ միլիարդատեր, աութսորսինգային հսկա Infosys Ltd.-ի հիմնադիր Ն. Ռ. Նարայանա Մուրտին է:
Comments