top of page
Search

Ռեցեսիան Գերմանիայում գնալով ավելի հավանական է դառնում․ Բունդեսբանկ




Ռեցեսիան Գերմանիայում գնալով ավելի հավանական է դառնում, իսկ գնաճը կշարունակի արագանալ եւ այս աշնանը կարող է հասնել 10 տոկոսի գագաթնակետին, ասվում է Բունդեսբանկի ամսական զեկույցում, հաղորդում է Reuters-ը:

Հաշվի առնելով, որ նրա խոշոր արդյունաբերությունը մեծապես կախված է ռուսական գազից, Գերմանիան ամենախոցելի երկրներից մեկն է էներգակիրների մատակարարումների ցանկացած դադարեցումների հանդեպ, իսկ գների կտրուկ աճն արդեն ճնշում է գործադրում արտադրության վրա եւ սպասվում է, որ ավելի շատ խնդիրների կհանգեցնի:

«Ձմռան ամիսներին արտադրանքի ծավալի անկումը շատ ավելի հավանական է դարձել»,- նշում է Կենտրոնական բանկը: «Այս ձմռանը գազի մատակարարումների հետ կապված անորոշության բարձր աստիճանը եւ գների կտրուկ աճը, ամենայն հավանականությամբ, ծանր հարված կհասցնեն տնային տնտեսություններին եւ ընկերություններին»։

Բարձր գներն ու գազի պակասն արդեն իսկ ստիպում են Գերմանիային կրճատել սպառումը, ընդ որում՝ շատ են տուժում էներգատար ոլորտները՝ մետաղների արտադրությունից մինչեւ պարարտանյութերի արտադրություն։

Միեւնույն ժամանակ, էներգակիրների ծախսերը կշարունակեն բարձրացնել գնաճը մինչեւ ավելի բարձր մակարդակ:

«Ընդհանուր առմամբ, աշնանը գնաճի մակարդակը կարող է հասնել 10 տոկոսի»,- նշել են Բունդեսբանկում։ «Ինֆլյացիայի աճի ռիսկը մեծ է հատկապես Ռուսաստանից գազի մատակարարումների ամբողջական դադարեցման դեպքում»։

Սա ավելացնում է աշխատավարձի արագ բարձրացման վտանգը, հատկապես հաշվի առնելով գործազրկության ռեկորդային ցածր մակարդակը, որը կարող է մշտական դարձնել բարձր գնաճը աշխատավարձերի եւ գների պարույրի պատճառով, զգուշացրել է Բունդեսբանկը:

ԵԿԲ-ն անցյալ ամիս բարձրացրել է տոկոսադրույքները ռեկորդային ցածր մակարդակից, որպեսզի հաղթահարի գնաճային ճնշումները, սակայն հետագա բարձրացումները գրեթե անխուսափելի են, քանի որ գների աճի հեռանկարները չեն բարելավվում:

0 comments

Comments


bottom of page