Ռեկորդային շոգը Եվրոպայում 2035թ. նորմ կդառնա
Ռեկորդային շոգն այս տարի Եվրոպայում «միջին» կդառնա 2035թ. ամռանը, անգամ եթե բոլոր երկրներն այնքան կրճատեն ջերմոցային գազերի արտանետումները, որքան պարտավորվել են։ Այս մասին գրել է CNN-ը՝ հղում կատարելով Մեծ Բրիտանիայի Օդերեւութաբանական գրասենյակի Հեդլիի կենտրոնի՝ երկրի կլիմայական ճգնաժամի գծով Խորհրդատվական խմբի (CCAG) պատվերով իրականացրած վերլուծությանը։ Հետազոտությունը ցույց է տվել, թե որքան արագ են ջերմաստիճանները փոխվում տարածաշրջանում՝ օգտագործելով միջին ամառային ջերմաստիճանների պատմական գրառումները 1850-ից ի վեր եւ դրանք համեմատելով մոդելների կանխատեսումների հետ։ Վերլուծությունը ցույց է տվել, որ երկարաժամկետ հեռանկարում ամառը, միջինը, Կենտրոնական Եվրոպայում մինչեւ 2 100 թվականը Ցելսիուսի 4 աստիճանով ավելի տաք է լինելու, քան մինչարդյունաբերական դարաշարջանում։ Հիմա գիտնականներն ասում են, որ ջերմության բոլոր ալիքները կրում են կլիմայի անթրոպոգեն փոփոխության հետքը, որն առաջ է եկել հիմնականում հանածո վառելիքի այրմամբ։ «Այս տվյալները հիշեցնում են, որ երկրներին անհրաժեշտ է դուրս գալ ազգային մակարդակներում իրենց ունեցած ավանդների շրջանակներից, որոնք մինչեւ այժմ խոստացվել էին Փարիզի համաձայնագրի շրջանակում, որի նպատակն է գլոբալ ջերմացման սահմանափակումը 1,5° C-ից ցածր, եթե դա հնարավոր է»,- նշվել է CCAG-ի հաղորդագրությունում։
Comments