ՌԴ-ն կարող է խուսափել նավթի գները սահմանափակելու G7-ի ծրագրից եւ արտահանել նավթի 90 տոկոսը

Ռուսաստանը կարող է շրջանցել նավթի գները սահմանափակելու G7-ի ծրագրերը եւ, այնուամենայնիվ, արտահանել իր նավթի 90%-ը, ասել է ԱՄՆ ֆինանսների նախարարության ներկայացուցիչը: G7 երկրներն աշխատում են ռուսական նավթի գները մինչեւ տարեվերջ սահմանափակելու ծրագրի վրա: Գների սահմանաչափի ամբողջական մանրամասները դեռեւս պետք է մշակվեն, եւ առաջարկը մինչ այժմ արժանացել է Ռուսաստանի դաշնակիցների, օրինակ՝ Հնդկաստանի գաղջ արձագանքին, որոնք ռուսական նավթը գնել են զեղչով: Ռուսաստանը հայտարարել է, որ ամբողջությամբ կդադարեցնի նավթի վաճառքը ցանկացած պետության, որը գնային շեմ կսահմանի, ինչը ըստ որոշ փորձագետների կվնասի երկրի ֆինանսներին: Սակայն նույնիսկ եթե Ռուսաստանը հրաժարվի հետեւել գների առաստաղին, երկիրը դեռեւս ունի ռեսուրսներ՝ շրջանցելու այդ պատժամիջոցները եւ արտահանելու իր նավթի 80-ից 90%-ը, Reuters-ին ասել է ԱՄՆ ֆինանսների նախարարության անանուն պաշտոնյան: Դա պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանը դեռեւս հասանելիություն ունի դեպի լցանավեր, ինչը բավարար է գների շեմը շրջանցելու համար: Բացի այդ, ներկայիս գնի սահմանաչափի կանոնները թույլ են տալիս բեռնափոխադրող եւ ապահովագրական ընկերություններին՝ գործել համակարգի համաձայն: Ռուսաստանը սեպտեմբերին արտահանել է օրական ավելի քան 7 միլիոն բարել նավթ, ըստ Reuters-ի, ինչը նշանակում է, որ օրական 5-ից 6 միլիոն բարել հում նավթ դեռեւս կարող է հոսել սփոթ շուկա: Դա անձեռնմխելի կթողնի Ռուսաստանի նավթային եկամուտների մեծ մասը՝ միաժամանակ կրճատելով նավթի համաշխարհային մատակարարումները եւս 1-2%-ով, ինչը պոտենցիալ կերպով կբարձրացնի նավթի գները:
Comments