top of page
Search

ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի բանակցություններում ոչ մի «էքստարածքային միջանցքի» մասին խոսք չկա


Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետերի բանակցություններում ոչ մի «էքստարածքային միջանցքի» մասին, որը որեւէ կերպ կվնասեր կողմերից որեւէ մեկի իքնիշխանությանը, խոսք չկա եւ չի կարող լինել։ Այս մասին «Ռոսիյսկայա գազետա»-ի հարցազրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Նա հիշեցրել է, որ տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման համար պետությունների ղեկավարների որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ։ «Այս նպատակին հասնելը կդառնա վճռական քայլ, որպեսզի Հարավային Կովկասը լարվածության օջախից վերածվի կայունության եւ տնտեսական բարգավաճման տարածաշրջանի։ Բաց հաղորդակցությունները հնարավոր կդարձնեն առեւտրային եւ հումանիտար կապերի զարգացումը, հարեւաններին թույլ կտան շփվել միմյանց հետ, իսկ դա բազմամյա վերքերի լավագույն սպեղանին է։ Ռուսաստանին այդ ճանապարհները նույնպես շատ անհրաժեշտ են, քանի որ ամբողջ երկարությունն անցնելու է մեզ բարեկամ երկրների տարածքով եւ դուրս է գալու մեզ բարեկամ երկրներ»,- նշել է նա։ Օվերչուկը նշել է, որ Հարավային Կովկասն իր պատմության ողջ ընթացքում քաղաքակրթությունների եւ առեւտրային ուղիների խաչմերուկ է եղել, Եվրասիայի փաստացի աշխարհատնտեսական հանգույցը։ «Կարեւոր է տեսնել գլխավորը՝ տարածաշրջանում ներկա ոչ մեկին հակամարտություն պետք չէ, բոլորը շահագրգռված են հաղորդակցությունների զարգացմամբ եւ ցանկանում են մասնակցել այդ գործընթացին։ Իհարկե, եռակողմ աշխատանքային խումբը չի կարող աշխատել իրադարձություններից կտրված, որոնք տեղի են ունենում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Իրադրության յուրաքանչյուր թեժացում սահմանին արգելակում է բանակցային գործընթացը։ Կողմերից մեկի համար անընդունելի տերմինաբանության յուրաքանչյուր օգտագործում արգելակում է բանակցային գործընթացը։ Ամեն անգամ գործընթացն արգելակվում է, երբ փորձում են, գուցե բարի մտադրություններով, նոր մասնակիցներ ընդգրկվել։ Ամեն անգամ նման բան պատահելուց հետո դադար է տիրում բանակցություններում, եւ պետք է սպասել, թե երբ իրավիճակը փոքր-ինչ կհանդարտվի եւ կպարզվի։ Իմ գործընկերների հետ մշտական ​​շփումներից ես գիտեմ, որ երկու կողմերն էլ անկեղծորեն հասկանում և ձգտում են խաղաղության և բարգավաճման, ինչին հնարավոր չէ հասնել հարևանների հետ հակամարտություններում ապրելով։ Սեպտեմբերյան ողբերգությունից գրեթե անմիջապես հետո ինձ հաջողվեց հանդիպել երկու կողմերի բանակցող իմ գործընկերների հետ դեմ առ դեմ։ Կողմերից ոչ մեկը չէր ցանկանում իրադարձությունների նման զարգացում, սակայն լարվածության ու անվստահության մակարդակն այնքան է, որ կողմերից յուրաքանչյուրի ցանկացած անզգույշ գործողություն կարող է ունենալ այնպիսի հետևանքներ, որոնք ոչ ոք չէր ցանկանա։ Եռակողմ աշխատանքային խմբի ձևաչափով աշխատանքի հենց սկզբից ռուսական կողմի մոտեցումը քննարկված բոլոր հարցերի նկատմամբ եղել է չափազանց միանշանակ և հստակ՝ բանակցությունների միջոցով ապահովել երեք երկրների ղեկավարների կողմից համաձայնեցված նպատակի իրագործումը։ Մեր մոտեցումը մինչ այժմ էլ դա է, չի փոխվել: Երկու տարուց էլ քիչ ժամանակում շատ քրտնաջան աշխատանք է կատարվել։ Արդյունքում՝ բանակցողները երթուղիների տեսլական ունեն, որոնց իրականացումը կարող է հանգեցնել տարածաշրջանի ապաշրջափակմանը։ Սակայն ճանապարհների բացումը կամ կառուցումը հնարավոր է միայն այն բանից հետո, երբ կողմերը հստակորեն կսահմանեն երկրների միջև սահմանը հատելու իրավական ռեժիմը, ինչպես նաև այդ ճանապարհներով երթևեկությունը։ Կարեւոր է, որ բանակցությունների ընթացքում մշակվել է սկզբունք, որը հիմք է հանդիսացել այդ իրավական ռեժիմի սահմանման վերաբերյալ մոտեցումների: Սկզբունքը հետեւյալն է՝ «Ճանապարհի նկատմամբ ինքնիշխանությունն իրականացնում է այն երկիրը, որի տարածքով է անցնում ճանապարհը»։ Սա նշանակում է, որ եթե ճանապարհն անցնում է հայկական տարածքով, ուրեմն սա հայկական ճանապարհ է, եթե ադրբեջանական տարածքով, ուրեմն՝ ադրբեջանական։ Ռուսաստանը միշտ պաշտպանել է կողմերի ինքնիշխանության սկզբունքը և հստակ կանգնած է երեք երկրների ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների դիրքորոշումների վրա: Սա նշանակում է, որ փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի բանակցություններում որեւէ «արտատարածքային միջանցքի» մասին խոսք չկա եւ չի կարող լինել, որը որևէ կերպ կխախտի կողմերից որևէ մեկի ինքնիշխանությունը: Գործնականում այս սկզբունքի իրականացումը նշանակում է, որ ապաշրջափակված կամ նոր կառուցված ճանապարհներով Ադրբեջանից Հայաստան մտնելու համար կիրականացվեն վերահսկման այնպիսի սահմանային եւ անձնագրային միջոցներ, ինչպես, ասենք, Իրանից Հայաստան մտնելիս։ Նույն կերպ էլ անձնագրային վերահսկում կլինի նաեւ Հայաստանից Ադրբեջան մտնելիս։ Բացի այդ, քննարկվում են ճանապարհների օգտագործման վճարովիության հարցերը՝ կողմերի ազգային օրենսդրություններին համապատասխան, ինչպես նաեւ մեկ երկրի տարածքով մյուս երկրի քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների տեղաշարժի անվտանգության ապահովման հարցերը։ Պատկերացումն այնպիսին է, որ բոլոր կողմերն այսօր հասկանում են այս հարցերի գործնական իրականացման հնարավորությունը՝ առանց որեւէ կողմի ինքնիշխանությանը վնասելու։ Բայց բանակցություններն ավարտվում են միայն այն ժամանակ, երբ ի հայտ է գալիս լիակատար վստահություն, որ բոլոր իրավական կողմերը հաշվի են առնվել, ոչինչ բաց չի թողնվել ու ոչ ոք չի մեկնաբանելու ձեռք բերված արդյունքը որպես հաղթանակ հակառակ կողմի հանդեպ։ Բանակցությունների հաջող ավարտը կլինի բոլոր մասնակիցների ընդանուր հաղթանակը»,- նշել է նա։ Նա նշել է նաեւ, որ մեր փոխադարձ առեւտրի, Հայաստանի տնտեսության աճը եւ ընդհանուր ինտեգրացիոն ձեռքբերումները տեղի են ունենում բազմամյա տրանսպորտային շրջափակման պայմաններում։ «Ուստի, տարածաշրջանում տրանսպորտային մեկուսացման, տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հաղթահարման հեռանկարներն ուժեղ խթան կհանդիսանան ինչպես հենց Հայաստանի, այնպես էլ Հարավային Կովկասի ամբողջ տարածաշրջանի ու հարակից երկրների համար, ներառյալ Ռուսաստանը։ Ես արդեն խոսել եմ այս մասին. մեր գնահատականներով՝ ռուսական ներդրումների ներհոսքը կարող է կազմել մինչեւ հինգ մլրդ դոոլար։ Սրանք առաջին հերթին էներգետիկայի, տրանսպորտի եւ լոգիստիկայի ոլորտի նախագծեր են, ինչպես նաեւ արդյունահանող եւ վերամշակող արդյունաբերության ոլորտների։ Դրա շուրջ կստեղծվեն նոր աշխատատեղեր, ինչպես նաեւ փոքր եւ միջին բիզնեսի բազմաթիվ ձեռնարկություններ։ Ապաշրջափակումից դրական էֆեկտը Հայաստանի տնտեսության համար ակնհայտ է եւ կարող է անգամ ավելի զգալի լինել, քան «առաջին ինտեգրացիոն ալիքի» էֆեկտը։ Միայն ԵԱՏՄ-ին անդամակցության առաջին տարում Հայաստանը Միության երկրների հետ փոխադարձ առեւտուրն ավելացրել է 54 տոկոսով։ Փակվել են առկա բացերը։ Օրինակ, ստեղծվել է դեղամիջոցների ընդհանուր շուկա, որը թույլ է տվել Հայաստանին քանիցս ավելացնել դրանց արտահանումը Միության շուկաներ։ Բեռնափոխադրումների ծավալն ավտոտրանսպորտով նույնպես ավելացել է։ Հայաստանում լավ են հասկանում, որ հետագա տնտեսական աճը զսպվում է տրանսպորտային շրջափակմամբ։ Այսօր մենք այն հանելուց մեկ քայլ ենք հեռու»։

0 comments

Comentarios


bottom of page