ՌԴ-ի դեմ պատժամիջոցների քննարկումներն ավելի լարված են դառնում. Շառլ Միշել
- Anews
- Jan 20, 2023
- 1 min read

Եվրամիությունը կշարունակի դիտարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փուլերը, չնայած վեճերը միությունում ամեն անգամ ավելի լարված են դառնում, ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, տեղեկացրել է Bloomberg-ը։ «Պատժամիջոցների մասին յուրաքանչյուր բանավեճ նախորդից շատ ավելի բարդ է»,- ասել է Միշելն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո։ «Ես գործընկերներիս տեղեկացնում եմ այն մասին, թե որոնք են ուկրաինական առաջարկները, եւ մենք խորհրդակցում ենք։ Ես վստահ եմ, որ մենք կկարողանանք ուժեղացնել ճնշումը Կրեմլի վրա»։ Միշելը չհայտարարված այց է կատարել Կիեւ մասամբ այն բանի համար, որպեսզի օգնի պլանավորել ԵՄ-Ուկրաինա գագաթաժողովը, որը նախատեսված է փետրվրարի 3-ին։ «Ես վստահ եմ, որ դա առիթ եւ հզոր ազդանշան կդառնա այն մասին, որ մենք միասին ենք»,- ասել է նա։ «Մենք նաեւ կորոշենք, թե ինչպիսին են լինելու հաջորդ քայլերը, որոնք են ընդհանուր նպատակները»։ Ավելի վաղ Զելենսկին Արեւմուտքին կոչ էր արել նոր պատժամիջոցներ մտցնել ռուսական միջուկային եւ հրթիռային արդյունաբերության դեմ։ Միշելը հայտարարել է, որ ընդհանուր առմամբ պատժամիջոցները պետք է ուժեղացվեն, եւ «պետք է ավելի շատ երկրներ ներգրավվեն», որպեսզի դիմակայեն Ռուսաստանին։ Նա նշել է, որ ԵՄ-ի երկրները պետք է Ուկրաինային ավելի շատ տանկեր տրամադրեն, բայց հայտարարել է, որ հասկանում է, թե ինչու է այդ որոշումը ավելի դժվար Գերմանիայի համար։ «Ես կարծում եմ, որ անհրաժեշտ է տանկեր տրամադրել Ուկրաինային,- ասել է նա։- Բայց նաեւ անհրաժեշտ է հարգել Գերմանիային։ Դա հեշտ որոշում չէ»։
Comments