Search

ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմամբ


Պաշտոնական Մոսկվան մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրմամբ և զսպվածության կոչ է անում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք իսկապես մտահոգված ենք  հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմամբ, որի հետևանքով զոհվել է հայ զինծառայող, վիրավորներ կան երկու կողմերից էլ»,- Զախարովայի խոսքն է մեջբերում «Ռիա-նովոստի»-ն:

Նրա խոսքով՝ լարվածության աճը հակասում է հրադադարի ռեժիմի պահպանման վերջին պայմանավորվածություններին և քաղաքական ճանապարհով հակամարտության կարգավորմանը հասնելու մտադրությունների մասին հայտարարություններին:

«Մենք ելնում ենք նրանից, որ հետագա էսկալացիան անթույլատրելի է: Հակամարտության մասնակիցներին կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն, հրաժարվել ուժի կիրառումից, ձեռնարկել քայլեր՝ ուղղված իրավիճակի կայունացմանը»,- ավելացրել է Զախարովան: 

Մարտի 10-ին հարավարևելյան հատվածում տեղակայված ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ այսօր հակառակորդի կրակոցի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող, շարքային Զոհրաբ Գրիգորիի Սիանոսյանը՝ ծնված 1984 թվականին։

«Մարտի 10-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, հարավարևելյան հատվածում տեղակայված ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով կրծքավանդակի շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Զոհրաբ Գրիգորիի Սիանոսյանը (ծնվ. 1984թ., Արարատի զ/կ)», - ասված է ՀՀ ՊՆ հայտարարությունում:

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia