Ջո Բայդենը և Սի Ծինպինը հինգշաբթի զրույց կունենան
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ Չինաստանի նախագահ Սի Ծինպինը հինգշաբթի զրույց կունենան։ Չորս ամսվա ընթացքում նրանց առաջին զրույցը տեղի կունենա Թայվանի շուրջ նոր լարվածության կապակցությամբ, հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով անանուն պաշտոնական աղբյուրը: Երկու առաջնորդների միջեւ նախատեսված բանակցությունները՝ հինգերորդը կանոնավոր հանդիպումների շարքում, նախապատրաստվում էին մի քանի շաբաթ: Սակայն Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայվան այցի հնարավորությունը նոր լարվածություն է հաղորցել բարդ հարաբերություններին, նշում են ԶԼՄ-ները: Չինաստանի կառավարությունը ավելի վաղ նախազգուշացրել էր, որ «կոշտ գործողություններ» կձեռնարկի, եթե ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին այցելի Թայվան։ Դեմոկրատական կուսակցության առաջնորդի այցը Թայվան հետաձգվել էր ապրիլին՝ COVID-19-ի դրական թեստից հետո։ Մինչդեռ Չինաստանը հայտարարել է, որ այդ այցը լրջորեն կազդի չին-ամերիկյան հարաբերությունների վրա։ Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը հայտարարել է, որ Փելոսիի այցը «լրջորեն կխաթարի Չինաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»:
Commentaires