Ջազ նվագախումբը կներկայացնի հայտնի դասական գործերի ջազային տարբերակները

Հայաստանի պետական ջազ նվագախումբը հանդես կգա ինքնատիպ նախաձեռնությամբ: Սեպտեմբերի 15-ին, ժամը 19:00 Հայաստանի ճարտարապետների միության շենքի դահլիճում (Բաղրամյան 17) նվագախումբը կներկայացնի Jazz Versions of Classical Music խորագրով ինքնատիպ ջազ երեկոն:
Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ՝ կոլեկտիվը կկատարի մի շարք կոմպոզիտորների դասական ստեղծագործությունների ջազային մշակումները:
Մասնավորապես, կհնչեն Բախի, Մոցարտի, Չայկովսկու, Գրիգի, Գերշվինի, Պիացոլայի, Կոմիտասի, Խաչատրյանի, Բաբաջանյանի և այլ կոմպոզիտորների գործերի ջազային տարբերակները՝ նոր և ինքնատիպ մոտեցմամբ: Նման համերգների ձևաչափն ընդունված և սիրված է ամբողջ աշխարհում:
Այս համերգային երեկոյով կտրվի Հայաստանի պետական ջազ նվագախմբի 2019/2020 համերգաշրջանի մեկնարկը: Ի դեպ, նոր համերգաշրջանը, ինչպես և նախորդները, հարուստ է լինելու բազում անակնկալներով ու ինքնատիպ ծրագրերով: