Պիտի շարունակենք պայքարել՝ պաշտպանելով ու զարգացնելով Արցախի Հանրապետությունը. Արցախի ՆԳ նախարար
- Anews
- Sep 2, 2022
- 1 min read

Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը ուղերձ է հղել Հանրապետության հռչակման օրվա առթիվ։ «31 տարի առաջ այս օրը՝ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին, տասնամյակների պայքարի արդյունքում, արցախցիների արդար պահանջով հռչակվեց Արցախի Հանրապետությունը: Չդադարող պատերազմների, սահմանային լարվածությունների, ներքին ու արտաքին մարտահրավերների դեմ պայքարին զուգահեռ, անցած 31 տարիներին արցախահայությունը մայր Հայաստանի և սփյուռքում ապրող մեր հայրենակիցների հետ միասին կերտել է մեծ ու փոքր հաղթանակներ, պահպանելով իր ազգային դիմագիծը, լեզուն ու հավատը, ազգային արժեհամակարգն ու հազարամյա ավանդույթները: Ինչ խոսք, դա հեշտ ճանապարհ չէր: Սակայն, մեր ժողովուրդն իրեն հատուկ տոկունությամբ ու խիզախությամբ հաղթահարեց բազում դժվարություններ՝ գիտակցելով, որ փորձությունները տրվում է ուժեղներին: Խոնարհվում եմ հայրենիքի անկախության ու ազատության համար իրենց կյանքը զոհաբերած հերոս հայորդիների հիշատակի առաջ: Փա՜ռք ու պատիվ այն հերոս զավակներին, ովքեր սահմանին են և լծված են հայրենիքի պաշտպանության սրբազան գործին: Թանկագի՛ ն հայրենակիցներ, Հայրենիքի հանդեպ մեր ունեցած սերը պիտի վերաճի հայրենիքի հանդեպ պատասխանատվության: Եվ ուրեմն, մեր նվիրվածությամբ, աշխատասիրությամբ, ազնվությամբ ու համատեղ ջանքերով, պիտի շարունակենք պայքարել՝ պաշտպանելով ու զարգացնելով Արցախի Հանրապետությունը»,-ասվում է ուղերձում։
Σχόλια