Պիտի ավելացնել ճնշումը Թուրքիայի վրա. Մասիս Մայիլյան
«ՄԱԿ-ի ԱԽ անդամ երկրները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարները հանդես են եկել հայտարարություններով և կոչ են արել դադարեցնել ռազմական գործողությունները և սկսել բանակցություններ։ Քանի որ այդ կոչերը մնացել են անպատասխան, միջազգային հանրությունն ունի մի կարծիք, իսկ վտարյալ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն ուրիշ կարծիք և լկտիաբար մերժում են միջազգային հանրության կարծիքը, մերժում են Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի կոչը՝ կանգնեցնել պատերազմը, մենք համարել ենք ճիշտ, որ կոչ անենք միջազգային հանրությանը՝ ճանաչել Արցախի անկախությունը: Մենք համոզված ենք, որ այդ քայլը կարող է ծառայել որպես լծակ ու մեխանիզմ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար:
Ցավոք ստեղծված է եռյակը, որի մեջ մտնում են Ադրբեջանը, Թուրքիան ու ահաբեկիչները։Այն վտանգ է ներկայացնում ոչ միայն հայ ժողովրդի, այլ տարածաշրջանի բոլոր երկրների համար»,- այսօրվա բրիֆինգում ասել է ԱՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը:
Նախարարը նաև նշել է, որ աշխատանք է տարվում տարբեր գործընկերների հետ, որպեսզի ավելացնեն ճնշումը Թուրքիայի վրա դիվանագիտական խողովակներով. «Հիմա առանձին Ադրբեջանի մասին խոսելն անիմաստ է, որովհետեւ հիմա նա տիկնիկի դեր է կատարում, Թուրքիայի ձեռքին է: Հիմնականում աշխատանքը տարվում է Թուրքիայի հետ, որպեսզի համոզեն իրենց սկսած գործի անհեռանկարայնության մեջ: Նաև մեր հաջողություններն առաջնագծում մեզ բերելու են մեծ հաջողություններ նաեւ դիվանագիտական ճակատում»:
Մայիլյանն ասել էր,որ իրենց կոչն այսօր է եղել, և այն տարբեր խողովակներով հասցնում են իրենց գործընկերներին:
Comments