Պետք է հիմքեր ստեղծել Հայաստանում երկարաժամկետ եւ բարձր տնտեսական աճի համար․ Թունյան

Առեւտրի եւ ծառայությունների ոլորտի աճը, որը մեծ դեր է խաղացել ընթացիկ տնտեսական աճի մեջ, մեծապես պայմանավորված է Հայաստան ժամանող մարդկանց եւ կապիտալի ազդեցությամբ։ Այս մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։ Սակայն, ինչպես նշեց պատգամավորը, դա ոչ միշտ է ազդելու տնտեսության վրա։ Նրա կարծիքով՝ պետք է երկարաժամկետ հիմքեր ստեղծել բարձր տնտեսական աճի համար։ «Հունվար-հուլիս ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է մոտ 13 տոկոս, մինչդեռ ՀՆԱ-ի աճը երկրորդ եռամսյակում կազմել է 13 տոկոս։ Իհարկե, այս հարցում մեծ դեր ունի առեւտրի եւ ծառայությունների ոլորտը, ինչը մեծապես պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում Հայաստան եկող մարդկանց ու կապիտալի ազդեցությամբ։ Բոլորը հասկանում են, որ այդ ազդեցությունը ժամանակավոր է։ Մենք միշտ չէ, որ նույն դրական ազդեցությունը կզգանք մեր տնտեսության վրա։ Ուստի մեր խնդիրն է առավելագույնի հասցնել այս կարճաժամկետ օգուտը՝ ենթակառուցվածքային ներդրումների կատարողականը բարձրացնելու համար։ Սա հիմք կստեղծի երկարաժամկետ եւ բարձր տնտեսական աճի համար»,-պարզաբանեց Թունյանը։
Comments