Պետք է գանք ոչ թե պլակատներով, այլ քարերով. Սաղաթելյան
Ալիեւի հետ աշխատում է Նիկոլը, իր ընտանիքը եւ իր խմբակը, եւ աշխատել են անցնող 2 տարվա մեջ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 28-ին, կառավարութան դիմաց իրականացվող ՀՅԴ-ական երիտասարդների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Ոչ միայն աշխատել են, այլեւ սպասարկում են անձամբ Ալիեւի եւ Էրդողանի շահերը: Երկիրն այս վիճակին բերել, հասցրել են իրենք, եւ ճանապարհը փակել է Նիկոլը Ալիեւի հետ համատեղ: Իր գործունեության արդյունքում է դա եղել: Դա եղել է այն պահից, երբ ինքը հայտարարեց նշաձողն իջեցնելու մասին, երբ որ ասաց՝ Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջան է։ Թող մեր քաղաքացիները հիշեն այդ խոսքերը։ Հետևաբար, նրանք չեն կարող հանգիստ նստել իրենց տեղում՝ Արցախի քաղաքացիներին պահելով շրջափակման մեջ»,- շեշտեց Իշխան Սաղաթելյանը։
Նա անբնական համարեց, որ այսօր տասնյակ հազարավոր քաղաքացիներ չկան փողոցում, այլ ոչ թե մեղադրեն, թե ինչու են եկել կառավարության մոտ. «Բա ի՞նչ պետք է անենք: Կուզեք ճիշտն իմանաք, պետք է գանք ոչ թե պլակատներով, այլ քարերով: Կամ ապահովեք մեր երկրի տարածքային ամբողջականությունը, կազմակերպեք երկրի պաշտպանությունը, կամ ռադներդ քաշեք: Կգանք, կանենք: Էս երկրում կան մարդիկ, որոնք ի վիճակի են դա անելու»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Նշենք, որ ակցիայի մասնակիցների ձեռքին կան պաստառներ. «Ցույց տանք աշխարհին, որ հայը ապրելու իրավունք ունի», «Առանց Արցախ չկա խաղաղություն», «Ես հայրենիք եմ ուզում, դրա համար էլ դիմադրում եմ», «Բացեք Արցախի ճնապարհը», «Մեկ մարդ չի կարող որոել բոլորի ճակատագիրը», «Արցախի կողքին ենք», «Արցախը բեռ չէ, զրահաբաճկոն է»։ Նրանք երթի ընթացքում վանկարկում էին՝ «Արցախ, Արցախ», «Նիկոլն է փակել Արցախի ճանապարհը, Նիկոլ, դավաճան»:
Comments