Search

Պետք են նոր լուծումներ. Վահե Հովհաննիսյան


Մեր հակառակորդները եւ բարեկամները սկսում են գիտակցել, որ հայ ժողովուրդը չունի պետականության ռեսուրս։ Այս մասին գրում է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։ Anews.am-ը ներկայացնում է Հովհաննիսյանի հոդվածը. «Երբ հայկական պետության երկնակամարում եւ հայկականության հեռանկարի վրա՝ ընդհանրապես, կախված են Էրդողանի ձվերը, հայ հասարակությունը փոթորկվում է նախազատիկյան ձվի գնից։ Սա նշանակում է, որ հայ ժողովուրդը չի գիտակցում, որ հաջորդ զատիկը կարող է եւ ընդհանրապես չլիներ, եւ որ մեզ «նոր պայմանագրով» պարտադրված մյուս տոնը կարող է եւ Նովրուզը լինել։ Չի հասկանում, ի՞նչ անես։ Ողջ 2020 թվականի ընթացքում, իմ հաշվարկով` մոտ 20-25 հոգի գրում, խոսում, ահազանգում էինք, որ աններելի սխալներ է թույլ տալիս իշխանությունը, եւ որ Նիկոլը երկիրը տանում է պատերազմի։ Չլսվեց... Ես գիտեմ, որ այդ 20-25 հոգուն այլեւս երբեք հանգիստ չի տալու հարցը՝ իսկ կարո՞ղ է ավելին պետք է անեինք, արե՞լ ենք արդյոք ամեն ինչ՝ կանխելու համար։ Իրականում մենք եթերից եթեր ենք վազել, քննարկումից քննարկում, հոդվածներով հեղեղել տպագիր եւ էլետրոնային մամուլը։ Ոմանք մի կողմ են դրել իրենց անձնական արժանապատվությունը եւ տարբեր խողովակներով փորձել երկրի կառավարիչներին ուղիղ տեղ հասցնել ռիսկերը, սխալների շարանը, առաջարկները։ Չի լսել իշխանությունը, չի լսել հասարակությունը։ Իսկ հիմա` պատերազմ, մահ ու պետություն կորցնելուց հետո էլ հանդուրժում է այս իշխանությանը, եւ նույնիսկ կա հանրային մի զանգված, որն ասում է՝ մեր թեկնածուն Նիկոլն է։ Հիմա նույն վիճակն է։ ԱԺ-ն քննարկում է Ընտրական օրենսգիրքը։ Իշխող խմբակցության մեծ մասը ամառանոցի ճանապարհի գառների վաճառքի կետ է հիշեցնում. իրենք հաստատ գիտեն, որ շուտով չեն լինելու (պատգամավոր), բայց անմռունչ են, իսկ ընդդիմադիրներն ընդհանրապես անհասկանալի են։ Չկա աշխարհում մի քաղաքական ուժ, որը պատրաստվում է գնալ ընտրությունների եւ հայտարարում է, որ մեզ համար միեւնույն է, թե ինչ ընտրակարգով։ Աշխարհում չկա, Հայաստանում կա։ Սեպտեմբերի 27-ից հետո հայաստանյան հասարակության մեջ նոր էլեկտորալ շերտեր են ձեւավորվել՝ զոհերի ընտանիքներ, վիրավորներ եւ վիրավորների ընտանիքներ, անհետ կորածների ու գերիների ընտանիքներ։ Սա առնչվում է շատ մեծ թվով մարդկանց, սա շատ կոնկրետ թեմա է, որը չի հետաքրքրում խորհրդարանական որեւէ ուժի։ Մի քանի հազար զոհվածների ընտանիքներն ու մտերիմները, անհետ կորածների եւ գերիների ընտանիքները, բազմաթիվ հազարների հասնող վիրավորներն ու պատերազմի մյուս տուժածները՝ երիտասարդ, կյանքի ծաղկման շրջանում գտնվող՝ կոտրված կյանքերով ու երազանքներով, իրենց ընտանիքների ու մտերիմների հսկա բանակով․ սա մի աննախադեպ, հսկա, ցավալի սոցիալական երեւույթ է, որի պայմաններում ձեւացնել` իբրեւ ամեն ինչ առաջվա պես է, նշանակում է` զուրկ լինել տարրական մարդկային ու քաղաքական պատասխանատվությունից։ Եվ, վերջապես, մենք ունենք բացակա ընտրազանգված՝ մեր զոհերը, որոնց մահվան դատապարտածը պատրաստվում է ուրախ-զվարթ մասնակցել ընտրություններին։ Հաջորդը՝ մեր երկրի մի զգալի հատված վերածվել է շփման գծի, եւ խորհրդարանական ուժերը հմտորեն շրջանցում են նաեւ սա։ Մեր բազմաթիվ ընտրատեղամասեր թշնամու ուղիղ նշանառության տակ են։ Մենք ընդհանրապես մեզ համոզում ենք, որ ապրում ենք այլ իրականության մեջ։ Բայց այդ իրականությունը կա ու այն զարգացման ընթացքի մեջ է։ Երեք ամիս առաջ ես հրապարակային կերպով զգուշացրել էի, որ եթե Հայաստանում արագ իշխանություն չփոխվի, ապրիլի 24-ի նախաշեմին մեզ սպասում է նոր ստորացում։ Բառիս բուն իմաստով` Էրդողանը արգելելու է նշել այդ օրը, դա անելու է կա՛մ Ալիեւի միջոցով, կա՛մ Նիկոլի։ Վերջին օրերին Փաշինյանի թիմակիցների ձեւակերպումները ամենավառ ապացույցն եմ իմ նախազգուշացման։ Ինչեւէ, գանք աշխարհքաղաքական եւ տոնական ձվերի իրականությանը։ Հասարակական էմոցիաներից դատելով՝ մենք արդեն իսկ կորցրել ենք պետականությունը։ Այսինքն՝ մեր հակառակորդները եւ բարեկամները սկսում են գիտակցել, որ հայ ժողովուրդը չունի պետականության ռեսուրս։ Բայց մենք գիտենք նաեւ, որ հայ ժողովրդի մեջ՝ Հայաստանում, Արցախում եւ սփյուռքում, կա մի շերտ, ենթադրենք՝ 20 տոկոս, որը չի համակերպվում պետության կորստի հետ, հավատում է պետության վերականգնման գաղափարին եւ ունակ է իրականացնելու այն։ Հիմա գալիս ենք կիրառական կողմին․ այդ 20 տոկոսը (գուցե՝ մի քիչ ավել կամ պակաս) որպես էլեկտորալ քանակ կարող է անբավարար լինել։ Բայց մյուս կողմից, որպես պետականության գաղափարի կրող այն հերիք է պետական եւ ազգային վերածննդի համար։ Պատմությունից հայտնի է, որ շատ երկրներում հատուկենտ անհատներով է նույնիսկ հնարավոր եղել պետականության գաղափարը վառ պահել եւ հաջողության հասնել։ Պետք են նոր լուծումներ Մի բան ի սկզբանե ակնհայտ է. եթե այս ընտրություններին անձնապես Փաշինյանը մասնակցում է, ուրեմն այս ընտրություններով երկրում որեւէ լիցքաթափում չի լինելու, որեւէ հանգուցալուծում չի լինելու։ Այս հեռանկարով է պետք նայել պրոցեսներին։ Ուրեմն, հաշվի առնելով ներհասարակական տրամադրությունները, լրջության աստիճանը (ողբերգական անլրջությունը), ռիսկերը եւ ռեսուրսները, պետք է գտնել ոչ պարզ լուծումներ։ Եթե մեկի համար, որպես քաղաքացի եւ որպես էթնոսի անդամ, երեկվա ձվի գինն ավելի կարեւոր է, քան՝ երեկվա Ղազանչեցոցի հոգեւոր ժառանգությունը, ապա նրանից որեւէ լուրջ ակնկալիք չի կարող լինել, բայց մենք կարող ենք, մշտապես դիտորդ հանրային շերտի օգնությամբ, նրանց վերածել մարգինալ նեղ խմբի՝ որպես քաղաքացի եւ որպես քաղաքական ուժ։ Բանալին սա է։ Իմ առաջարկն է. ինտենսիվ կոնսուլտացիաների ճանապարհով՝ պետականության գաղափարը կրող ուժերից եւ անհատներից ձեւավորել նոր լայն քաղաքական-հանրային հոսանք, հստակ բովանդականությամբ։ Ողջ Հայաստանով մեկ ձեւավորել գրասենյակներ, մինչեւ վերջին գյուղը։ Քաղաքական նոր հոսանքին ակտիվ եւ էական ձայնի իրավունքով մասնակից դարձնել տեղական էլիտաներին։ Նոր քաղաքական հոսանքի մեջ ներգրավել Սփյուռքի եւ Արցախի կարող ուժերին։ Նոր քաղաքական հոսանքը պետք է ունենա լուրջ, էֆեկտիվ աշխատող գրասենյակներ՝ Երեւանում, մյուս քաղաքներում, խոշոր գյուղերում, որոնք պետք է զբաղվեն քաղաքացուն հուզող բոլոր հարցերով (ներառյալ՝ սննդամթերքի թանկացման եւ այլ սոցիալ-տնտեսական խնդիրներ)։ Այս քաղաքական հոսանքի առանցքը պետության փրկությունն է, եւ այն չպետք է կապվի ընտրական պրոցեսին այս կամ այն ուժի մասնակցության հետ։ Չի կարելի ծաղրել կամ անընդհատ բողոքել, որ ժողովուրդը չի հասկանում, չի պատկերացնում, որ այսքան կենցաղային է եւ այլն։ Իսկ վերնախավերը հասկանում ե՞ն։ Չի՞ հասկանում, ուրեմն պետք է լավ բացատրել։ Իսկ լավ բացատրել հնարավոր է միայն բացատրելու լավ համակարգեր ստեղծելու դեպքում։ Միայն»։

Իր որևէ հայտարարություն մեզ համար հիմք չէ. Իշխան Սաղաթելյան

ԱՄՆ դեսպանը հանդիպել է Սյունիքի մարզպետի, Մեղրիի, Գորիսի, Սիսիանի քաղաքապետերի հետ

Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել

Նունե Սարգսյանը ներկա է գտնվել իր հեղինակած հեքիաթի բեմականացման փորձին

Հայ խաղաղապահների ստորաբաժանումը մեկնել է Լիբանան

Ռուսաստանում Նավալնուն սատարելու ցույցեր են անցկացվում

Ձեր տխրահռչակ և հայակործան քաղաքական կարիերան այլևս ավարտված է․ Արտակ Թովմասյան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: