Search

Պարզաբանում՝ սպիրտի, ալկոգելի, զուգարանի թղթի և այլ ապրանքների թանկացման վերաբերյալ


Տնտեսական մրցակցության  պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մամուլի ասուլիսի ընթացքում հերքել է այս օրերին շրջանառվող մի շարք տեղեկություններ՝ կապված որոշ ապրանքատեսակների դեֆիցիտի և թանկացման հետ։

Հանձնաժողովի նախագահը նշեց, որ սպիրտի թանկացումը որևէ առնչություն չունի կորոնավիրուսի տարածման հետ։ Գնի բարձրացումը կապված է բացառապես հարկային օրենսգրքում տեղի ունեցած փոփոխություններով. դա  համահունչ է ԵԱՏՄ մեր պարտավորություներին:

Գեղամ Գևորգյանը հերքեց նաև ալյուրի թանկացման մասին լուրերը՝ հայտնելով, որ Հանձնաժողովը մշտական մոնիթորինգ է իրականացնում խոշոր առևտրային ցանցերում. այնտեղ ալյուրի գնաճ չի արձանագրվել։ Միաժամանակ Գևորգյանը չբացառեց, որ որոշ տնտեսվարող սուբյեկտներ կարող են օգտվել իրավիճակից և անհիմն թանկացնեն ապրանքների գները՝ նշելով, որ նման դեպքերը հայտնաբերվելու և պատասխանատվության են ենթարկվելու։

Ինչ վերաբերում է ալկոգելի դեֆիցիտին և գնի բարձրացմանը` Գեղամ Գևորգյանը տեղեկացրեց, որ Հայաստանում գործում են ալկոգել արտադրող մի քանի ընկերություններ, որոնց հետ ՏՄՊՊՀ-ն ամենօրյա կապի մեջ է, և տեղական արտադրողները ալկոգելի գինը չեն բարձրացրել։

Անդրադառնալով որոշ քաղաքացիների՝ մեծ քանակով զուգարանի թուղթ և անձեռոցիկ գնելուն՝ ՏՄՊՊՀ նախագահը նշեց, որ մեծաքանակ գնումների կարիք չկա, քանի որ Հայաստանում գործում է անձեռոցիկի, զուգարանի թղթի, օճառի և մի շարք այլ տնտեսական ապրանքների արտադրություն։

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia