Պատվաստանյութերը պետք է հասանելի լինեն յուրաքանչյուրի համար և ամենուր. Գուտերեշ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն անվանել է աշխարհի երկրների համար չորս գլոբալ առաջնահերթությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Գլխավոր քարտուղարը կոչ է արել մշակել պատվաստումների, 2050 թվականին ջերմոցային գազերի արտանետումները զրոյական մակարդակի հասցնելու, աշխարհաքաղաքական լարվածությունը նվազեցնելու եւ դիվանագիտությունն ամրապնդելու մասին գլոբալ ծրագիր: Բացի այդ, նրա խոսքով, մարդկությանն անհրաժեշտ է համերաշխություն ու միջազգային համագործակցություն:
«Պատվաստանյութերը պետք է հասանելի լինեն յուրաքանչյուրի համար եւ ամենուր: Պատվաստանյութերի համատեքստում հավասարությունն ունի կարեւոր նշանակություն կյանքերն ու տնտեսությունները փրկելու համար»,-ասել է Գուտերեշը:
Նրա խոսքով՝ երկրները պետք է միմյանց հետ կիսվեն ավելորդ դեղաչափերով, անհրաժեշտ է հատկացնել 6.8 միլիարդ դոլար COVAX նախաձեռնության համար:
«Կարծում եմ, որ G20-ն ունի բոլոր հնարավորություններն արտակարգ աշխատանքային խումբ ստեղծելու համար պատվաստումների համաշխարհային ծրագիրը նախապատրաստելու նպատակով»,-ընդգծել է նա:
Այնուհետեւ, նրա խոսքով, դարի կեսերին պետք է հասնել մթնոլորտում ջերմոցային գազերի արտանետումների զրոյական մակարդակի:
Գուտերեշը նաեւ կոչ է արել նվազեցնել աշխարհաքաղաքական լարվածությունն ու ամրապնդել ժողովրդավարությունը հանուն խաղաղության:
Նա հերթական անգամ նախազգուշացրել է աշխարհին իրավիճակի մասին, երբ երկու խոշորագույն տնտեսություններ՝ ԱՄՆ-ն եւ Չինաստանը, կբաժանեին մոլորակը երկու հակասող մասի, որոնցից յուրաքանչյուրում գերիշխում են սեփական արժույթը, առեւտրային եւ ֆինանսական կանոնները, ինչպես նաեւ սեփական շահերն ու արհեստական ինտելեկտի հնարավորությունները:
Նա նաեւ կրկին կոչ է արել աշխարհին դադարեցնել կրակը ռազմական հակամարտություններում:
Վերջում գլխավոր քարտուղարը նաեւ մատնանշել է բազմակողմանի մոտեցման, համերաշխության եւ միջազգային համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը: