top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Պատերազմի մասնակիցներին ուսման վարձի փոխհատուցում տալու աջակցության ծրագիրը շարունակվում է. ԿԳՄՍՆ


2020 թվականի Արցախյան պատերազմի մասնակիցներին մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում տրամադրելու պետական աջակցության ծրագիրը շարունակվում է: ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ կառավարության՝ սեպտեմբերի 1-ին կայացած նիստում ընդունված որոշմամբ` Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների վերաբաշխման միջոցով գումար է հատկացվել շահառուների հերթական խմբի ուսման վարձի հատուցման նպատակով: Հատկացված 52 մլն 380 հազար դրամ գումարի շրջանակում ուսման վարձի փոխհատուցում կստանան ընթացիկ տարվա մարտի 22-ից հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների կողմից ԿԳՄՍ նախարարություն ներկայացված շուրջ 221 շահառուներ, որոնք զորացրվել են 2021-2022 թվականների ձմեռային զորացրման ժամանակ: Ընդհանուր առմամբ նշված պետական ծրագրով 2021 թ.-ին ուսման վարձի փոխհատուցում է ստացել բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող 7318 ուսանող, որոնց տրվել է շուրջ 1 մլրդ 595 մլն 931 հազար դրամի փոխհատուցում, իսկ 2022 թ.՝ 1026 ուսանող, որոնց տրվել է շուրջ 233 մլն 262 հազար դրամի չափով ուսման վարձի փոխհատուցում: Ուսման վարձի փոխհատուցման գործընթացը և բուհերի ներկայացրած հայտերի հիման վրա շահառուների տվյալների հավաքագրումը ԿԳՄՍ նախարարության կողմից կշարունակվի մինչև պատերազմի մասնակից ժամկետային բոլոր զինծառայողների զորացրումը:

0 comments

Comments


bottom of page