Search

Պապիկյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի հետ


Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի հետ: Նախարար Պապիկյանը շնորհակալություն է հայտնել տիկին Վուտովային առաքելության ընթացքում ՀՀում տեղական ժողովրդավարության ամրապնդման գործում նրա դերակատարության և ԵԽ գրասենյակի ցուցաբերած գործուն աջակցության համար: Նախարարի խոսքով տեղական ժողովրդավարության զարգացումը շարունակելու է մնալ ՀՀ կառավարության և ԵԽ համատեղ օրակարգի կարևոր բաղադրիչը՝ էլ ավելի խորացնելով տարբեր ուղղություններով առկա համագործակցությունը : Հանդիպման ընթացքում բարձր գնահատելով ԵԽ հայաստանյան թիմի խորհրդատվական աջակցությունը նախարար Պապիկյանը անդրադարձել է վերջին օրենսդրական փոփոխություններին. «Ընտրական օրենսգրքի և հարակից օրենքների բարեփոխումներով մենք անցում ենք կատարում տեղական ժողովրդավարության ավելի բարձր մակարդակի: Մենք հնարավորություն ենք ընձեռում Հայաստանում բոլոր քաղաքական ուժերին մասնակցություն ունենալ տեղական ինքնակառավարմանը և ստանձնել պատասխանատվություն տեղերում առողջ մթնոլորտի ձևավորման, համայնքների զարգացման և բալանսավորված տեղական ինքնակառավարում ունենալու համար»: Իր խոսքում Նատալիա Վուտովան նշել է. «Այս հանդիպումով մենք շեշտում ենք Հայաստանում տեղական ժողովրդավարության կարևորությունը: Տեղական ինքնակառավարումը ժողովրդավարության արմատներում է, և ԵԽ-ը իր ծրագրերով, մասնավորապես «Ժողովրդավաական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում» և «Ինստիտուցիոնալ աջակցություն Հայաստանի համայնքների միությանը» բաղադրիչներով, ՀՀ կառավարության հետ համատեղ էական արդյունքներ է արձանագրել տեղական մակարդակում ժողովրդավարական ինստիտուտների, կարողությունների զարգացման և հանրության հետ աշխատանքի գործում»: Այս համատեքստում նախարարը կարևորել է նաև ԵԽ-ի հետ մոնիտորինգային երկխոսության շարունակականությունը և դրա արդյունքում ձևավորված ճանապարհային քարտեզի կիրարկումը, այդ թվում՝ Հայաստանի համայնքների միության ինստիտուցիոնալ զարգացման և անկախացմանը ուղղված հետագա քայլերը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել 2021թ. սպասվող ՏԻՄ ընտրությունների, առաջիկա 5 տարիների ընթացքում վարչատարածքային բարեփոխումների ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի մասին: Ամփոփելով նախարարը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Նատալիա Վուտովային և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: 

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia