top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Պակիստանի դատարանը հետ է կանչել նախկին վարչապետ Իմրան Խանի ձերբակալության օրդերը



Պակիստանի դատարանը շաբաթ օրը հետ է կանչել նախկին վարչապետ Իմրան Խանի ձերբակալության օրդերը, հայտնել են նրա փաստաբանները այն բանից հետո, երբ Խանը հայտնվել է դատարանում, հաղորդում է AFP-ն: Պակիստանի 70-ամյա վարչապետը խճճվել է բազմաթիվ դատական գործերի մեջ, երբ հեռացվել է իշխանությունից անվստահության քվեի հետեւանքով, եւ ճնշում է գործադրում փխրուն կոալիցիոն կառավարության վրա՝ պահանջելով արտահերթ ընտրությունների անցկացում: Այս շաբաթվա սկզբին Խանի կողմնակիցները բախվել են ոստիկանության հետ, որոնք ուղարկվել էին նրան ձերբակալելու արեւելյան Լահոր քաղաքում այն բանից հետո, երբ նա չէր ներկայացել կոռուպցիայի մեղադրանքով դատին` պատճառաբանելով անվտանգության նկատառումները: «Դատարանը չեղյալ է համարել ձերբակալության որոշումը՝ նշելով Իմրան Խանի հայտնվելը։ Նիստը հետաձգվել է մինչեւ մարտի 30-ը»,- AFP-ին ասել է Խանի փաստաբաններից մեկը՝ Գոհար Խանը։ Մի քանի օր տեւած դատավարությունից հետո Խանը Լահորից ավելի քան 300 կիլոմետր մեքենայով գնացել է Իսլամաբադում դատարանի համալիր, սակայն չի կարողացել դուրս գալ մեքենայից: Մոտ 4000 կողմնակիցներ գրավել են համալիրը՝ քարեր եւ աղյուսներ նետելով ոստիկանների վրա, որոնք ի պատասխան արցունքաբեր գազ են կիրառել։ Սակայն դատարանը Խանի ներկայության մասին որոշում է ընդունել, ասել են նրա փաստաբանները։ Հայցը ներկայացրել է Պակիստանի ընտրական հանձնաժողովը, որը Խանին մեղադրել է վարչապետի պաշտոնում ստացած նվերները եւ դրանց վաճառքից ստացված շահույթը չհայտարարագրելու մեջ։ Խանը պնդում է, որ իշխանությունները ցանկանում են իրեն բանտ նետել, որպեսզի ինքը չկարողանա քարոզչություն իրականացնել գալիք ընտրություններում: Մոտ 4000 անվտանգության աշխատակիցներ, այդ թվում՝ էլիտար ոստիկաններ, հակաահաբեկչական ստորաբաժանումներ եւ կիսառազմական ռեյնջերներ, տեղակայվել են Իսլամաբադի շրջակայքում, իսկ հիվանդանոցները բերվել են բարձր պատրաստականության: Միեւնույն ժամանակ, ոստիկանները խուզարկություն են անցկացրել նրա տանը Լահորի էլիտար թաղամասում՝ փակելով մոտակա ճանապարհները եւ դադարեցնելով բջջային կապը տարածքում: Մինչ քաղաքական դրամա է ծավալվում, Պակիստանը գտնվում է կտրուկ տնտեսական անկման ճիրաններում, եւ նրան դեֆոլտ է սպառնում, եթե չհաջողվի Արժույթի միջազգային հիմնադրամից օգնություն ստանալ: Անվտանգության ոլորտում իրավիճակը վատթարանում է նաեւ Պակիստանի թալիբների հետ կապ ունեցող ոստիկանների վրա մի շարք մահացու հարձակումների պատճառով: Անցյալ տարի Խանի ոտքին կրակել էին քաղաքական հանրահավաքի ժամանակ, եւ նա մահափորձի համար վարչապետ Շեհբազ Շարիֆին էր մեղադրել։

0 comments

Comments

Couldn’t Load Comments
It looks like there was a technical problem. Try reconnecting or refreshing the page.
bottom of page